Team Telecom Armenia եւ Ericsson ընկերությունները այսօր ստորագրել են համագործակցության հուշագիր, որը նոր էջ է բացում Հայաստանի հեռահաղորդակցության եւ թվային ծառայությունների մատուցման շուկայում։

Հեռահար ստորագրումից հետո Ericsson ընկերության տարածաշրջանային ղեկավար(Հայաստան, Վրաստան, Ուկրաինա) Յարոսլավ Նիցակը շնորհավորհանքի խոսք ասաց, մասնավորապես նշելով,- «Մենք ուրախ ենք մտնելու համագործակցության փուլ TEAM  Telecom Armenia-ի հետ եւ աջակցել՝ բերելով նորարար ծառայություններ եւ լուծումներ Հայաստան։ Ձեր երկիրը ունի տեխնոլոգիական զարգացման  մեծ պոտենցիալ, իսկ մեր համագործակցությունը կարող է բացել թվային վերափոխման նոր ուղիներ նորարարությունների ներդրման միջոցով։ Այս օրերին ցանցերի որակն ու հուսալիությունը դարձել են դրանց կարեւորագույն բնորոշիչը։ Էրիքսսոնը, որպես տեխնոլոգիական առաջատար, պատրաստ է կիսվել իր փորձառությամբ կառուցելու համար հզոր եւ հուսալի ցանցային համակարգ, որի շնորհիվ բաժանորդները կստանան առաջատար ծառայություններից օգտվելու լավագույն հնարավոր տարբերակը»։

Հայկ Եսայանը շնորհակալություն հայտնեց , նշելով, որ վաղվա առաջադեմ լուծումների ներդրումը Հայաստանում վստահաբար պետք է ծառայի բաժանորդներին տարիներ շարունակ եւ ապահովի սպառողին մշտապես համահունչ քայլել աշխարհի ամեն օր փոփոխվող տեխնոլոգիական առաջընթացի պայմաններում։

«Հատկանշական է, որ դեռ 11 տարի առաջ, մենք առաջին համագործակցությունը հենց Էրիքսսոնի հետ սկսեցինք, եւ այսօր էլ նորաստեղծ կազմակերպությունը սկսում է առաջին համագործակցությունը նույն Էրիքսսոնի հետ։ Վստահ եմ՝ Team-ը Էրիքսսոնի օգնությամբ կկառուցի աշխարհի լավագույն ցանցերից մեկը», - նշել է Հայկ Եսայանը։

Հուշագիրը ենթադրում է երկարատեւ համագործակցություն նոր սերնդի ցանցերի, IoT ծառայությունների ներդրման եւ նպատակային կառավարման եւ մի շարք այլ ուղղություններով, ինչպես նաեւ տրամադրվելու է տեխնոլոգիական եւ մասնագիտական օժանդակություն հենքային, ռադիո եւ տրանսպորտային ցանցերի կառուցման կառավարման ուղղություններով եւ Հայաստանում LTE Advance Pro նորագույն ցանց կառուցելու համար։