ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սիրիայից դուրս բերեց ամերիկյան զորքերը եւ թույլ տվեց, որ Թուրքիան միանա «Իսլամական պետության» դեմ մղվող մարտին՝ չնայած իր վարչակազմի եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի նախազգուշացումներին: Այս մասին «Սենյակը, որտեղ դա տեղի է ունեցել» իր հուշագրության մեջ գրում է ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը: Հուշերի պատճենը հայտնվել է Ahval-ի տրամադրության տակ, որը մեջբերում է Թուրքիային վերաբերող հատվածները:

2018-ի դեկտեմբերի 14-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում Թրամփը թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանին ասել է, թե Բոլթոնը կպատրաստի հայտարարություն այն մասին, որ ԱՄՆ-ը հաղթել է ԻՊ-ի դեմ պայքարում եւ հետագա գործողությունները թողնում է Թուրքիայի վրա, որպեսզի նա լուծի Սիրիայում խմբավորման մնացուկների հարցը:

Բոլթոնը բացահայտել է զրույցի մանրամասները, որոնք նախորդել են Թուրքիայի ռազմական ներխուժմանը Սիրիա, որին դեմ էին ԱՄՆ-ի շատ քաղաքական գործիչներ եւ ՆԱՏՕ-ի դաշնակիցները:

Էրդողանի զանգից հետո Թրամփը խնդրել է Բոլթոնին՝ «Հանգիստ լուծեք այդ հարցը, մենք հեռանում ենք [Սիրիայից], քանի որ ԻԳԻԼ-ի վերջը տրված է»։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հետագա հեռախոսազրույցում Թրամփը անտեսել է Բոլթոնի նախազգուշացումը ԻԳԻԼ-ի եւ քրդերի ճակատագրի մասին, որոնք միավորվել էին Միացյալ Նահանգների եւ ՆԱՏՕ-ի հետ՝ ջիհադականների զինված խմբավորման դեմ: «Թրամփը ընդհատեց նրան (Մակրոնին)՝ ասելով, որ մենք ԻԳԻԼ-ի վերջը տվել ենք, եւ որ Թուրքիան ու Սիրիան հոգ կտանեն մնացածի մասին,- գրում է Բոլթոնը,- Մակրոնը պատասխանեց, որ Թուրքիան կենտրոնացած է քրդերի վրա հարձակվելու վրա, եւ փոխզիջման կգնա ԻԳԻԼ-ի հետ»:

Մակրոնի մտահոգությունը կրկնել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, ով ասել է, որ «Էրդողանին չի հետաքրքրում ԻԳԻԼ-ը»: Միեւնույն ժամանակ, Բոլթոնը նշել է, որ ինքն ու Պոմպեոն համաձայնել են, որ ԱՄՆ-ի եւ Թուրքիայի տեսակետները քրդերի վերաբերյալ միշտ տարբեր են եղել:

Բոլթոնը գրում է, որ Էրդողանը փորձում էր վստահեցնել Թրամփին քրդերի հարցում:

«Էրդողանը ամբողջ ուժով փորձում էր ասել, որ սիրում է քրդերին, սակայն հավելեց, որ YPG-PYD-PKK-ն (Ազգային ինքնապաշտպանության քրդական ջոկատները, Դեմոկրատական միությունը եւ Քրդական աշխատավորական կուսակցությունը) մանիպուլյացիայի են ենթարկում քրդերին եւ չեն ներկայացնում նրանց: Մենք նախկինում լսել էինք այս ամենը, եւ դա Էրդողանի ռեժիմի ստանդարտ քարոզչությունն էր»,- նշել է Բոլթոնը: