Իրանը մոլորության մեջ է գցում միջազգային հանրությանը, որպեսզի ի վիճակի լինի ստեղծել միջուկային զենք: Այդ տեսակետն է հայտնել կիրակի Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն կառավարության նիստի ժամանակ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Իրանը շարունակում է խաբել միջազգային հանրությանը, որպեսզի իր տնօրինության ներքո ստանա միջուկային զենքը: Այսօր անգամ ՄԱԳԱՏԷ-ն՝ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը, գիտակցում է դա»,-ասել է վարչապետը: «Այդ կազմակերպությունն այժմ հասկանում է այն, ինչը մենք (իսրայելցիները) պնդել ենք տարիներ շարունակ»,-հավելել է Նեթանյահուն:

Հունիսի 19-ին ՄԱԳԱՏԷ-ի Կառավարման խորհուրդն ընդունել էր «եվրոպական եռյակի» (Մեծ Բրիտանիա, Գերմանիա եւ Ֆրանսիա) բանաձեւի նախագիծը, որով պահանջվում է Իրանից ապահովել երկու օբյեկտներ մուտք գործելու հասանելիությունը, որտեղ գործակալությունը կասկածում է, որ պահվում է չհայտարարարագրված միջուկային նյութ: Խորհրդի 35 պետություններից 25 անդամները սատարել են բանաձեւը, Ռուսաստանն ու Չինաստանը դեմ են քվեարկել, յոթ երկրներ՝ ձեռնպահ:

Վիենայում ՌԴ մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը կոչ է արել ՄԱԳԱՏԷ-ին եւ ԻԻՀ-ին կարգավորել այդ խնդիրը, որը կարող է խորանալ բանաձեւի պատճառով: Վիենայում միջազգային կազմակերպություններին առնթեր Չինաստանի մշտական ներկայացուցիչը նախազգուշացրել է լուրջ հետեւանքների մասին, որոնք ապագայում կարող են տեղի ունենալ իրանական միջուկային ծրագրով ՀՀԳԾ-ի շրջանակում: