Գերմանիայում հնարավոր է Արեւմտյան Նեղոսի տենդի բռնկում, հաղորդում է Popmech-ը:

Այս մասին զգուշացրել են Ռոբերտ Կոխի անվան վարակաբանության գերմանական ինստիտուտի մասնագետները:

Այդ տենդի վարակակիրներ են համարվում կուլեկս տեսակի մոծակները: Վիրուսի հիմնական կրողներն են համարվում թռչունները: Խոշոր կաթնասուններն ու մարդիկ եւս հակված են հիվանդանալու այդ տենդով: Մարդու մոտ այդ հիվանդությունն ուղեկցվում է բարձր ջերմությամբ, մաշկի վրա ցանով, հիվանդացածների 1 տոկոսի մոտ նկատվում է նեյրոինվազիվ ընթացք մահվան բարձր հավանականությամբ:

Վերջին 2 տարվա ընթացքում Գերմանիայում հայտնաբերվել է Արեւմտյան Նեղոսի տենդով վարակման մի քանի դեպք: Ընդ որում, բացառված չէ, որ վարակվածների թիվն իրականում ավելին է եղել:

Վարակաբանները մտավախություն ունեն, որ կլիմայի տաքացման հետ կապված վիրուսը կարող է «բնակություն հաստատել» Գերմանիայում եւ սկսել տարածվել երկրի ողջ տարածքում: Դեռ անցած տարվա վերջին Համբուրգի համալսարանի պրոֆեսորը զգուշացրել է այդ տենդի լրջության մասին:

Վիրուսը հանդիպում է եվրոպական Միջերկրածովում, ինչպես նաեւ նախկին ԽՍՀՄ հարավային տարածաշրջաններում, այդ թվում նաեւ ՌԴ տարածքում: