ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը միջնորդություն է ներկայացրել նիստը հետաձգելու վերաբերյալ:

Աննա Դանիբեկյանի խոսքով՝ դատարանը փաստաբան Միհրան Պողոսյանից հաղորդագրություն է ստացել այն մասին, որ վերջինս նախօրեին շփվել է կորոնավիրուսով վարակվածի հետ եւ պետք է թեստ հանձնի: Գործընթացում մասնակիցների առողջությունը չվտանգելու համար փաստաբանը նիստին չի ներկայացել եւ խնդրում է հետաձգել այն: Յուրի Խաչատուրովը հայտնել է, որ մեկ այլ փաստաբանի հրավիրելու հնարավորություն չունի:

Այս կապակցությամբ դատախազ Գեւորգ Բաղդասարյանն անհրաժեշտ համարեց միջնորդությամբ հանդես գալ իրավունքի չարաշահման արձանագրման վերաբերյալ: Դատախազը ծավալուն կերպով միտք արտահայտեց, որ պաշտպանության կողմի նման պահվածքը գործընթացի այլ մասնակիցներին անհավասար դիրքերում է դնում: Հաշվի առնելով, որ խոսքը հնարավոր հիվանդության մասին է՝ դատախազի մեղադրանքը շատ տարօրինակ էր:

Նշենք, որ նիստին ներկա էր նաեւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ով ավելի վաղ ազատ էր արձակվել Վերաքննիչ դատարանի որոշմամբ՝ 2 միլիարդ դրամ գրավի դիմաց:

Դատախազը պաշտպանության կողմին մեղադրեց բազմաթիվ «կրկնվող» միջնորդությունների եւ խափանմա միջոցը փոխելու փաստարկների համար: Դատախազի խոսքով՝ պաշտպանության նպատակը գործընթացը հետաձգելն էր՝ մեկ այլ ատյանի հույս ունենալով եւ թույլ չտալով դատարանին ուսումնասիրել գործի նյութերը: Դատախազների մերժման դրդապատճառն ընդհանրապես անհիմն է, կարծում է Բաղդասարյանը: Նա չմոռացավ նաեւ հիշատակել փաստաբանների գործողությունները ի պատասխան դատարանում հնչեցված արտահայտությանը՝ որը նրանց կողմից որպես սպառնալիք էր գնահատվել: Եզրափակելով՝ դատախազը միջնորդեց ճանաչել պաշտպանության կողմից  միջնորդության իրավունքի չարաշահումը:

Դատավոր Դանիբեկյանը նշեց, որ դիմումը չի կարող դիտարկվել փաստաբանի բացակայության դեպքում եւ կուսումնասիրի այն Միհրան Պողոսյանի վերադառնալուց հետո:

Փաստաբան Հովհաննես Խուդոյանը դատարանին կառաջարկի դիտարկել այլ դահլիճում նիստերն անցկացնելու հնարավորությունը, որտեղ հնարավոր կլինի սոցիալական հեռավորություն ապահովել: Այս հարցը կքննարկվի նաեւ փաստաբանի մասնակցությամբ:

Հաջորդ նիստը տեղի կունենա հունիսի 30-ին ժամը 13:00-ին: