Արժույթի միջազգային հիմնադրամը 2019 թվականի մայիսին Հայաստանի համար հաստատել էր 248,2 մլն դոլարի եռամսյա պահուստային ծրագիրը հիմնարար տնտեսական եւ կառուցվածքային բարեփոխումների անցկացման նպատակով: Այս մասին հունիսի 24-ին ԱԺ արտահերթ նիստում ասաց ֆինանսների փոխնախարար Արմեն Հայրապետյանը՝ «Պահուստային ծրագրի միջոցների օգտագործման եւ լրացուցիչ փոխառությունների մասին» նամակ-համաձայնագրի վավերացման նպատակահարմարության հարցի քննարկման ժամանակ, որը Հայաստանի եւ Արժույթի միջազգային հիմնադրամի մեջեւ ստորագրվել էր 2020 թվականի մայիսի 23-ին եւ հունիսի 1-ին:

Նա նաեւ հայտնեց, որ 2020 թվականի մայիսի 18-ին Հիմնադրամի Տնօրենների խորհուրդը ծրագիրը երկրորդ անգամ է վերանայել, որից հետո հաստատվել է, որ Հայաստանը կարող է օգտվել 105 մլն դոլար ընդհանուր գումարով փոխառության միջոցներից: «Հիմնադրամի գործադիր տնօրենների խորհուրդը արագ ֆինանսավորման գործիքի շրջանակում հաստատել է նաեւ 175 մլն դոլար լրացուցիչ ներգրավելու հայտը»,- ասաց Հայրապետյանը:

Դրանից բացի, Հիմնադրամի ներկայացուցիչների հետ բանակցությունների արդյունքում համաձայնություն է ձեռք բերվել միջոցների օգտագործման շուրջ, որոնք նախատեսված են պահուստային ծրագրի շրջանակում՝ որպես ուղղակի բյուջետային աջակցություն կորոնավիրուսի նոր համաճարակի հետեւանքների մեղմացման սոցիալ-տնտեսական միջոցառումների ֆինանսավորման նպատակով:

Ներկայումս Հայաստանին հասանելի են ընդհանուր առմամբ մոտ 280 մլն դոլարի միջոցներ, իսկ ծրագրի երրորդ վերանայման արդյունքում կհատկացվի եւս 35 մլն դոլար»,- հավելեց փոխնախարարը: