100 միլիոն դրամից ավել արժողությամբ ամենաթանկ բնակարանների համար հարկը միջին հաշվով կբարձրանա չորս անգամ, իսկ ամենաթանկ առանձնատների համար՝ 120 միլիոնից թանկ՝ ավելի քան 11 անգամ: Այս մասին հունիսի 24-ին Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանում հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկմանն ասաց ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը:

Ընդ որում, հատուկ դեպքերում ավելի թանկ բնակարանների եւ առանձնատների համար հարկը տասն անգամ կբարձրանա: Այդպես, օրինակ, Երեւանում առանձնատուն կա, որի համար հարկը կավելանա 181 անգամ: Միեւնույն ժամանակ նա խոստովանեց, որ այդ առավելագույն թվերը վերաբերում են բացառիկ դեպքերին:

Ընդհանուր առմամբ, հանրապետությունում անշարժ գույքի հարկը կաճի միջինում 5-6 անգամ: Ինչպես նշեց փոխնախարարը, «սովորական մարդկանց համար» հարկը նույնպես կավելանա: Այդպես, այն բնակարանները, որոնց կադաստրային արժեքը մինչեւ 10 միլիոն դրամ է, հարկը կկազմի տարեկան մինչեւ 5 հազար դրամ: Նման բնակարանները այնքան էլ քիչ չեն (ճիշտ է՝ Երեւանից դուրս): Հանրապետությունում գտնվող 431-432 հազար բնակարաններից դրանք կազմում են մոտ 198 հազարը: Սա երկրի մարզերում բնակարանների ճնշող մեծամասնությունն է:

10-25 միլիոն դրամ գնահատված բնակարանների համար առավելագույն հարկը 20 հազար դրամ կկազմի, իսկ մինչեւ 47 միլիոն դրամ արժեքով բնակարանների համար՝ 64 հազար դրամ:

Բացի այդ, բոլոր այս փոփոխությունները միանգամից ուժի մեջ չեն մտնի, այլ՝ աստիճանաբար: Դրանք ամբողջությամբ ուժի մեջ կմտնեն 2024 թվականից:
Այդպես, հարկային այս բարեփոխման հարկաբյուջետային ազդեցությունն սկզբում կկազմի 9 միլիարդ դրամ, իսկ 2024 թվականից, երբ ուժի մեջ մտնեն նոր հարկային դրույքները, բյուջեն ամեն տարի  լրացուցիչ 37-38 միլիարդ դրամ կստանա: