Հայաստանի կառավարության գործունեությունը անհրաժեշտ է գնահատել ոչ թե օգտագործված ֆինանսական պաշարների ծավալով, այլ՝ այդ պաշարների օգտագործման հետեւանքով գրանցված արդյունքներով։ Այս մասին Ազգային ժողովի արտահերթ նիստում 2019թ․ պետական բյուջեի կատարման մասին քննարկումների ժամանակ ասաց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։

Միայն այդ դեպքում, ըստ նախարարի, կարելի է գնահատել կառավարության գործունեության արդյունավետության մակարդակը։ Ջանջուղազյանն արձանագրեց, որ 2020թ․ հանրապետությունը բախվել է աննախադեպ ճգնաժամի, որն առաջացել է կորոնավիրուսի համավարակի հետեւանքով, ինչի արդյունքում Հայաստանը փոխառական միջոցների զգալի ծավալներ է ներգրավում։

Ընդ որում, նա չբացառեց «լրացուցիչ չպարտավորեցնող միջոցների ներգրավման» բանակցությունների անցկացումը։ Որպես օրինակ, նախարարը բերեց Համաշխարհային բանկի որոշումը, որը մեկ տարով հետաձգել է Հայաստանի կողմից վերցված մոտ 950 մլն դոարի տոկոսադրույքի վճարումը։ Այս համատեքստում Զարգացման միջազգային ասոցիացիայի կողմից Հայաստանին տրամադրված մի շարք վարկերի համար տարեկան 1,7 տոկոս հավելյալ տոկոսադրույքներ կիրառելու նախորդ որոշումը, հանրապետության եւ Համաշխարհային բանկի համատեղ աշխատանքի շնորհիվ, հետաձգվել է մեկ տարի ժամկետով: Այսպիսով, այն չի կիրառվի ֆիսկալային տարվա ընթացքում, այսինքն 2020-ի հուլիսի 1-ից մինչեւ 2021-ի հունիսի 30-ը:

Համաշխարհային բանկի եւ ՀՀ ֆինանսների նախարարության տվյալների համաձայն, սրա արդյունքում պետական բյուջեն մոտ 13 միլիոն դոլար կխնայի: