Պետդեպարտամենտը 5 միլիոն դոլարից 10 միլիոնի է հասցրել պարգեւավճարի չափը այն տեղեկատվության համար, որը թույլ կտա գտնել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պարագլուխ Ամիր Մուհամմեդ Սաիդ Աբդել Ռահման ալ Մաուլին։ Այս մասին ասվում է ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ, որը տարածվել է չորեքշաբթի օրը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Փաստաթղթում նշվում է, որ այս ահաբեկիչը, ըստ Վաշինգտոնի տվյալների, առնչություն ունի Իրաքում եզդիների սպանություններին եւ առեւանգումներին, ինչպես նաեւ ղեկավարել է ԻՊ տարբեր ճյուղեր: ԱՄՆ-ը նրան համարում է «Իսլամական պետության» նախկին առաջնորդ Աբու Բահրա ալ-Բաղդադիի իրավահաջորդը։

Անցյալ տարվա հոկտեմբերի 27-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց ամերիկյան ուժերի կողմից ալ-Բաղդադիի ոչնչացման մասին: Թրամփի խոսքով՝ «Իսլամական պետության» առաջնորդի հետ միասին, սիրիական Իդլիբ նահանգում ԱՄՆ-ի ուժերի հատուկ գործողության արդյունքում ոչնչացվել են խմբի բազմաթիվ զինյալներ եւ ալ-Բաղդադի հանցակիցներ: