Հայաստանի կառավարությունն իր այօրվա՝ հունիսի 25-ի նիստի օրակարգում նախապես ընգրկել էր  հեռուստաընկերություններին և ռադիոընկերություններին՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով իրականացված հանրային իրազեկման աշխատանքներում աջակություն ցուցաբերելու համար76,5 միլիոն դրամ տրամադրելու հարցը։ Այնուամենայնիվ,  նիստից հետո պարզվեց, որ կառավարությւոնն այսօր այդ հարցը օրակարգից հանել է։

Որոշման նախնական հիմնավորման մեջ գրված էր, որ հեռուստաընկերություններն առանց կառավարության կամ պարետատան պարտադրանքի առողջապահական կանոնների պահպանման և սոցիալ-տնտեսական վիճակի մեղմման վերաբերյալ հոլովակներ են ցուցադրել մեծ ծավալով և կամավոր։

«Հարկ է նաև նշել, որ կորոնավիրուսային հիվանդության հետ կապված տնտեսական դժվարությունները կտրուկ նվազեցրել են հեռարձակողների գովազդային եկամուտները, ինչի պատճառով հեռարձակողները «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲ ընկերության կողմից մատուցվող վերգետնյա հեռուստառադիոհեռարձակման ծառայությունների դիմաց պարտքեր են կուտակել։ Ուստի, անհրաժեշտություն է առաջացել 2020 թվականի պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ վարչապետի աշխատակազմին հատկացնել 76,5 մլն դրամ` հեռարձակողներին աջակցելու նպատակով»,- ասված էր որոշման հիմնավորման մեջ։

Կառավարությունը ներկայացրել էր նաև այն հեռուստա և ռադիոընկերությունների ցանկը, որոնք կստանան այդ օգնությունը և նշել դրանց չափերը։

Ըստ այդմ՝ «Կենտրոն», «Հայկական երկրորդ», «Շանթ», «Արմենիա», «Երկիր մեդիա» հեռուստաընկերություններից յուրաքանչյուրին  պետք է տրամադրվեր օգնություն 10 միլիոն դրամի չափով։

«Ար», «Արմնյուզ», «Մո թիվի», «5-րդ ալիք», «Ա-թիվի», «ԴԱՐ 21» հեռուստաընկերություններին տրամադրվելիք օգնությունը կկազմեր 2,5 միլիոն դրամ։ 250 - 500 000-ական դրամի չափով էլ օգնություն պետք է ստանային ռադիոընկերությունները։