ԱՄՆ-ն կրկնապատկել է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության պարագլխին բռնելու համար պարգեւը: Այս մասին նշված է Պետքարտուղարության կայքում հրապարակված հայտարարության մեջ, փոխանցում է Lenta-ն: 

Հիմա Ամիր Մուհամմադ Սաիդ Աբդել Ռահման ալ Մաուլի, որը հայտնի է նաեւ որպես Աբու Իբրահիմ ալ Հաշիմի ալ Քուրաշի, գտնվելու վայրի մասին տեղեկության համար կվճարեն 10 մլն դոլար:

Պետքարտուղարության տեղեկություններով՝ ԻՊ նոր պարագլուխը պատասխանատու է առեւանգումների, սպանությունների եւ եզդիների վաճառքի համար (Իրաքի հյուսիս-արեւմուտքում բնակվող ժողովուրդ, տարածաշրջանում կրոնական եւ էթնիկ փոքրամասնություն): Դրանից բացի, ալ Մաուլը վերահսկում է խմբավորման կողմից անցկացվող «գլոբալ գործողությունները»:

Նշվում է, որ նա ԻՊ պարագլուխն է դարձել 2019 թվականի հոկտեմբերին, նախորդ առաջնորդ Աբու Բաքր ալ Բաղդադիի զոհվելուց հետո: Մինչ այդ ալ Մաուլը «Ալ Քաիդա» ահաբեկչական կազմակերպության անդամն էր: