Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից NEWS.am-ին պարզաբանել են պատմաբան Համլետ Գեւորգյանի հետ կապված պատմությունը, որը նախօրեին մահացել է կորոնավիրուսից:

Հիշեցնենք, որ պատմաբանի հարազատները մեղադրում են ԲԿ-ին, որ ժամանակին բուժում չեն սկսել:

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի ներկայացրած պարզաբանման մեւ ասվում է. «Համլետ Գեւորգյանը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է ընդունվել հունիսի 19-ի երեկոյան`  նոր կորոնավիրուսային հիվանդություն ախտորոշումով: Կատարվել են անհրաժեշտ կլինիկալաբորատոր գործիքային հետազոտությունները, ախտորոշվել է երկկողմանի թոքաբորբ մինչեւ 50% շնչական մակերեսի ներգրավմամբ:

Հաջորդ օրվանից սկսվել է թիրախային բուժումը: Դինամիկայում զարգացել է սրտի ռիթմի խանգարում, ինչը ծանրացրել է պացիենտի վիճակը եւ  որոշում է կայացվել տեղափոխել  ինտենսիվ խնամքի`  Վերակենդանացման բաժանմունք:

Բաժանմունքում շարունակվել է դեղորայքային բուժումը եւ օքսիգենիացիայի  ցուցանիշների վատացման հետեւանքով իրականացվել է  թոքերի ոչ ինվազիվ օդափոխանակություն, այնուհետեւ վիճակով պայմանավորված` անցում է կատարվել  թոքերի ինվազիվ  օդափոխանակության:

Նոր կորոնավիրուսային հիվանդության պրոգրեսիայի պատճառով վիճակը գնալով վատացել եւ հունիսի 24-ին հանգեցրել  է Համլետ Գեւորգյանի մահվանը:  Նա ունեցել է նաեւ ուղեկցող հիվանդություններ, մասնավորապես` շաքարային դիաբետ եւ զարկերակային գերճնշում»: