Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ աշխարհն այլեւս չպետք է մտածի, որ ԱՄՆ-ն դեռ ձգտում է համաշխարհային առաջատարության հասնել, գրում է The Guardian-ը:

«Մեզ մոտ որոշակի գիտակցություն է ձեւավորվել, թե ԱՄՆ-ը ցանկանում է համաշխարհային առաջատար դառնալ»,-ասել է նա՝ հավելելով, որ եթե ԱՄՆ-ն այժմ ցանկանում է հրաժարվել այդ դերից, ապա «մենք պետք է խորապես մտածենք այդ դրա շուրջ»:

Մերկելը նշել է, որ Եվրոպայում ԱՄՆ ռազմական ներկայությունը բխում է հենց ԱՄՆ-ի շահերից:

Գերմանիայի կանցլերը նաեւ մեկնաբանել է երկրի պաշտպանական ծախսերի մասին տեղեկությունը:

«Մենք Գերմանիայում գիտենք, որ պետք է շատ ծախսենք պաշտպանության համար: Վերջին տարիներին մենք զգալի աճի ենք հասել եւ շարունակում ենք գնալ այդ ճանապարհով»,-ասել է նա:

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Գերմանիայի կողմից ՆԱՏՕ-ի նկատմամբ ռազմական ծախսերի հարցով պարտավորությունների չկատարումը թույլ է տալիս ենթադրել, որ  Բեռլինն անլուրջ է վերաբերվում ռուսական ագրեսիայի սպառնալիքներին:

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է կրճատել Գերմանիայում ամերիկացի զինվորականների թիվը՝ 34,5 հազարից դարձնել 25 հազար: