Եգիպտոսում մահապատժի են ենթարկել լիբիացի գրոհայինին՝ մահացու հարձակում կազմակերպելու մեղադրանքով, որի հետեւանքով 2017թ․ մահացել էր առնվազն 16 ոստիկան, հայտնում է Associated Press-ը։

Աբդել Ռահիմ ալ Մոսմարին Կահիրեի բանտում մահապատժի է ենթարկվել կախվելու միջոցով՝ այդ մասին ռազմական վերաքննիչ դատարանի որոշումից հետո:

Մահացու գրոհը տեղի է ունեցել 2017-ի հոկտեմբերին՝ Եգիպտոսի մայրաքաղաքի հարավ-արեւմուտքում։

Ալ Մոսմարին ձերբակալվել էր հարձակումից մեկ ամիս անց։ Նա կանգնել է ռազմական տրիբունալի առջեւ եւ անցյալ տարվա նոյեմբերին դատապարտվել է մահապատժի։

Դատարանը նաեւ ցմահ ազատազրկման է դատապարտել 15 այլ ամբաստանյալների, որոնցից ոմանք հեռակա են դատապարտվել: Եւս 17 մեղադրյալներ դատապարտվել են 5-15 տարվա ազատազրկման: