Հունաստանի երկրորդ քաղաքում` Սալոնիկում մայիսի 5-8-ին անցկացվել է Սալոնիկի գրքի 8-րդ միջազգային ցուցահանդես-տոնավաճառը, որին իր տաղավարով մասնակցել է նաեւ Հայաստանի մշակույթի նախարարությունը:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ցուցահանդեսը, որի վերտառությունն էր «Գրքերը եւ կրթությունը», կազմակերպել էին Հունաստանի գրքի ազգային կենտրոնը, Հունաստանի մշակույթի եւ զբոսաշրջության նախարարությունը, Հելէքսպո ցուցահանդեսային կազմակերպությունը եւ Գրահրատարակիչների եւ գրավաճառների համահունական ֆեդերացիան:

Մայիսի 5-ին տեղի է ունեցել ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությունը, որին ներկա է եղել Հունաստանում Հայաստանի դեսպան Գագիկ Ղալաչյանը:

Ցուցահանդեսի օրերին Հայաստանի պատվիրակությունը, որի կազմում էին գրող, Հայաստանի մշակույթի նախարարության գրքի եւ հրատարակչական կենտրոնի ղեկավար Է. Միլիտոնյանը, Հայաստանի հրատարակիչների ասոցիացիայի խորհրդի անդամ Է. Մկրտչյանը եւ լրագրողներ, հանդիպումներ է ունեցել Սալոնիկի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, այցելել տեղի հայկական շաբաթօրյա դպրոց, գրքեր նվիրել համայնքային գրադարանին:

Սալոնիկի գրքի միջազգային ցուցահանդեսի հայկական տաղավարը մեծ հետաքրքրություն է առաջացրել ցուցահանդեսի այցելուների շրջանում: 

Հայաստանի տաղավարի բացումը ՀՀ մշակույթի նախարարության եւ Հունաստանում Հայաստանի դեսպանության առաջին համատեղ միջոցառումն էր`Հայ գրատպության 500-ամյակի եւ «2012թ. Երեւանը գրքի համաշխարհային մայրաքաղաք» կարեւոր իրադարձություններին ընդառաջ: