Կյանքից հեռացել է Արցախի Պետական համալսարանի դոցենտ, գ.գ.թ. Ասյա Խոսրովի Դադայանը: Այս մասին հայտնում են համալսարանի ֆեյսբուքյան էջում:

«86 տարեկանում կյանքից հեռացել է գյուղատնտեսական գիտությունների թեկնածու, դոցենտ ԱրՊՀ երկարամյա դասախոս Ասյա Խոսրովի Դադայանը:

Ասյա Խոսրովի Դադայանը ծնվել է 1934թ. ԼՂՀ Մարտունու շրջանի Սխտորաշեն գյուղում։

1953թ. ավարտել է Ստեփանակերտի Մ. Գորկու անվան միջնակարգ դպրոցը։

1954թ. ընդունվել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտը, որն ավարտել է 1959թ.։ Նույն թվականից աշխատել է մարզային անասնաբուժական լաբորատորիայում՝ որպես անասնաբույժ։

1967թ. աշխատել է Ստեփանակերտի զոնալ կոմպլեքս փորձակայանում՝ սկզբում որպես գիտաշխատող, իսկ 1976-86թթ.՝ գիտքարտուղար։ 1986-92թթ. աշխատել է որպես «Ղարաբաղ» գիտաարտադրական միավորման գլխավոր տնօրենի տեղակալ՝ գիտության գծով։

1974թ. Երևանի զոոանասնաբուծական ինստիտուտի գիտխորհրդում պաշտպանել է ատենախոսություն` «Эффективность использования хлористого кобальта в рационе молодняка крупного рогатого скота» թեմայով, և ստացել գյուղատնտեսական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ 1985թ. նրան շնորհվել է դոցենտի գիտական կոչում։

1976-91թթ. համատեղության կարգով աշխատել է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտում (ԱրՊՀ)՝ որպես դասախոս։

1992թ. մշտական աշխատանքի է անցել ԱրՊՀ քիմիայի և կենսաբանության ամբիոնում՝ որպես դասախոս։

Հեղինակ է 30 գիտական հոդվածների։

Ասյա Խոսրովի Դադայանն իր գործունեության բոլոր բնագավառներում աչքի է ընկել որպես բարեխիղճ, պատասխանատու, սկզբունքային, հայրենասեր քաղաքացի և մտավորական` վայելելով իր գործընկերների, ուսանողների, համերկրացիների սերն ու հարգանքը:

Արցախի պետական համալսարանի ողջ անձնակազմը խոր վշտով սգում է սիրելի գործընկերոջ մահը և իր զորակցությունը հայտնում նրա հարազատներին:

Ասյա Խոսրովի Դադայանի հիշատակը միշտ վառ կմնա նրան ճանաչողների սրտերում»: