Հունիսի 29-ից Ռուսաստանը հրաժարվում է Եվրասիական տնտեսական միության տարածքից փայտի եւ փայտից արտադրանքի արտահանման ժամանակավոր մաքսային հայտարարագրերից, հայտնում է ՌԴ փոխվարչապետ Վիկտորյա Աբրամչենկոյի աշխատակազմը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Ուժի մեջ է մտել կառավարության № 721 որոշումը փայտի ժամանակավոր մաքսային հայտարարագրման չեղարկման մասին: Որոշման իրականացումը թույլ չի տալիս թաքցնել երկրից փայտանյութի իրական արտահանման ծավալները»,- ընդգծվում է հաղորդագրության մեջ:

Որոշումն առնչվում է ԵՏՄ տարածքից ապրանքների արտահանմանը, որոնք դասվում են ԵՏՄ արտաքին տնտեսական գործունության միասնական Ապրանքային անվանակարգի 44 խմբին (փայտ եւ փայտից պատրաստված իրեր):

Այսպիսով, չի կարելի ժամանակավոր մաքսային հայտարարագիր հանձնել այն դեպքում, եթե ԵՏՄ-ից արտահանման դեպքում առանձին ապրանքների վերաբերյալ չեն կարող ներկայացվել դրանց քանակի կամ մաքսային արժեքի մասին ճշգրիտ տեղեկություններ:

Ինչպես ընդգծել են Աբրամչենկոյի աշխատակազմում, օրենսդրության նորմերի իրավակիրառման պրակտիկան ցույց է տալիս, որ առանց փաստացի վերահսկման անցկացման՝ մաքսային մարմիններին դժվար է որոշել տարբեր ժամանակաշրջանում առանձին խմբաքանակներով արտահանվող ապրանքների ճշգրիտ քանակը:

Հայտարարագրվածի ծավալի անհամապատասխանության փաստերի բացահայտման դեպքում հայտարարագրողը հնարավորություն ուներ ուղղել արտահանման ծավաը հետագա խմբաքանակների հաշվին եւ խուսափել պատասխանատվության ենթարկվելուց: Կառավարության որոշմամբ այդ իրավական խոչընդոտը վերացվում է, ապահովվում է արտահանվող փայտանյութերի ծավալների հայտարարագրման թափանցիկ համակարգ եւ համապատասխան մաքսատուրքերի ամբողջ ծավալով վճարում, նշվում է հաղորդագրության մեջ:

«Կառավարության որոշումը փայտանյութի շրջանառության նկատմամբ վերահսկողություն ապահովելու մի շարք միջոցառումների բաղկացուցիչներից մեկն է: Մենք հետեւողական աշխատանքներ ենք իրականացնում շուկան սպիտակեցնելու ուղղությամբ՝ քայլ առ քայլ վերացնելով այն իրավական բացերը, որոնք հարաբերությունների ոչ թափանցիկ համակարգ են ստեղծում անտառային համալիրի ներսում: Որոշման իրականացումը թույլ չի տա հետագայում օգտագործել ժամանակավոր հայտարարագրումը եւ դրա հետագա ճշգրտումը՝ երկրից արտահանվող փայտանյութերի իրական ծավալը թաքցնելու համար»,- ասել է Աբրամչենկոն, որի խոսքերը մեջբերվում են հաղորդագրության մեջ:

Որոշումը ստորագրվել է վարչապետ Միխայիլ Միշուստինի կողմից 2020 թվականի մայիսի 21-ին: