Մինչեւ երկու տարեկան դառնալը երեխայի խնամքի նպաստը կմեծանա մինչեւ 26 500 դրամ՝ նախկին 18 հազարի փոխարեն: Զգալիորեն կմեծանա գյուղերում բնակվող չաշխատող կանանց նպաստը: 2020 թվականին այս նպատակով ընդհանուր հատկացվել է 1 մլրդ 450 մլն դրամ: Այս մասին հունիսի 29-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց աշխատանքի եւ սոցիալական հարցերով փոխնախարար Սմբատ Սաիյանը:

Նրա խոսքով՝ 2021 թվականին գյուղական վայրերում ծրագրի իրականացման համար հատկացվելու է արդեն 4 մլրդ դրամ, 2022-ին՝ 8 մլրդ: «Կմեծանա ոչ միայն մինչեւ երկու տարեկան դառնալը երեխայի խնամքի նպաստը, այլեւ նպաստ ստանալու իրավունք կունենան գործազուրկ կանայք, որոնք գյուղական տեղանքում հաշվառված են մեկ տարուց ոչ պակաս: Այսպիսով՝ քաղաքներում բնակվող եւ մինչեւ երեխայի 2 տարեկան դառնալը նպաստ ստացող քաղաքացիների համար նպաստի չափը կկազմի 26 500 դրամ: Նույնքան կկազմի գյուղերում բնակվող չաշխատող կանանց համար երեխայի խնամքի նպաստը, որոնք ծնվել են հուլիսի 1-ից հետո: Ստացվում է, որ այդ քաղաքացիները նպաստ կստանան կրկնակի չափով՝ 53 հազար դրամ: Պարտադիր է, որ քաղաքացին, որը երեխայի հետ գրանցված է գյուղական տեղանքում, մինչեւ երեխայի 2 տարեկան դառնալը ոչ պակաս մեկ տարի անընդհատ բնակվի այնտեղ: Այս գործոնները ստուգվելու են սոցիալական աշխատողի ինստիտուտի կողմից: Որոշումն ուժի մեջ է մտնելու 2020 թվականի հուլիսի 1-ից եւ տարածվելու է բոլոր քաղաքացիների վրա, որոնք այս պահին շահառու են համարվում»,- նշեց փոխնախարարը:

Նա հավելեց, որ նպաստի նշանակման համար ծնողի գտնվելու մասին պահանջը եւս չեղարկվել է, այսինքն, եթե ծնողը երկրում չէ, ապա նպաստ ստանալու իրավունքը չի չեղարկվում: Երեխայի ծննդյան միանվագ նպաստի տրամադրման պրոցեսը եւս հեշտացվել է: Արտասահմանում երեխայի ծնունդի գրանցման դեպքում նպաստ նշանակելու մասին դիմում այդ պետությունում այլեւս չի պահանջվում ՀՀ քաղաքացի հանդիսացող ծնողին նպաստ նշանակելու համար: «Եթե երեխայի ծննդյան նպաստ ստանալուց հետո 12 ամսվա ընթացքում ծնողը նպաստ ստանալու դիմում չի ներկայացնում, եւ միջոցները վերադարձվում են պետբյուջե, ապա այն հասանելի է լինում հաջորդ 3 տարվա ընթացքում»,- նշեց պաշտոնյան:

Սաիյանը հավելեց, որ նախորդ տարիների ցուցանիշները ցույց են տալիս, որ տարեկան 37-38 հազար ծննդաբերած կանանցից 30 տոկոսը բնակվում է գյուղերում: «Հաշվի առնելով գյուղերում ծնելիության ցուցանիշները, որոնք 20-30 տարում, ի տարբերություն Երեւանի ցուցանիշների, վատացել են, նախատեսվում է իրականացնել ծրագրեր հենց այդ շրջաններում ծնելիությունը խթանելու համար: Դրա համար նախատեսված է բնակարանով ապահովելու 3 ծրագիր. միաժամանակյա աջակցություն հիփոթեքի գումարից մինչեւ 5 տոկոս, կանխավճարի ապահովագրություն եւ կանխավճարի մի մասի մարում»,- եզրափակեց փոխնախարարը: