Վաղը՝ հունիսի 30-ին ՀՀ Ազգային ժողովը արտահերթ նիստ կհրավիրի, որի օրակարգում լինելու են, մասնավորապես, «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխությունների իրականացումը, ապրիլի 5-ին նշանակված հանրաքվեի չեղարկումը:

Քիչ առաջ ԱԺ կայքում տեղադրվեցին ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավորներ Վահագն Հովակիմյանի եւ Սուրեն Գրիգորյանի հեղինակած նախագծերը՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին եւ «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծերը, ինչպես նաեւ ԱԺ 35 պատգամավորների հեղինակած ««Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2020 թվականի փետրվարի 6-ի «Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին» որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին որոշման նախագծը:

Նախագծերի հիմնավորումներում նշվում է, որ նախագծերով պատգամավորները նպատակ ունեն հստակեցումներ մտցնել Սահմանադրական փոփոխությունների արդյուքում թոշակի գնացող ՍԴ անդամների կենսաթոշակի իրավունքի իրացման հարցում:

Մասնավորապես, ՍԴ մասին օրենքի 88-րդ հոդվածի րոշ կետեր ուժը կորցրած են ճանաչվում, փոխարենը ավելացվում են նոր կետեր. առաջարկվում են հետեւյալ փոփոխությունները.

«5.1. Սահմանադրության` 2020 թվականի հունիսի 22-ի փոփոխություններով 213-րդ հոդվածի 1-ին մասի ուժով լիազորությունների ժամկետը ավարտված եւ պաշտոնավարումը դադարած Սահմանադրական դատարանի անդամին (դատավորին), որպես սույն օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով լիազորությունները դադարած անձի, նշանակվում է կենսաթոշակ սույն օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան: Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունները ժամանակավորապես կատարողը` այս մասին կազմում է արձանագրություն:

5.2. Մինչեւ Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի անդամը, որի պաշտոնավարումը չի դադարել Սահմանադրության` 2020 թվականի հունիսի 22-ի փոփոխություններով 213-րդ հոդվածի 1-ին մասի ուժով, շարունակում է պաշտոնավարել որպես Սահմանադրական դատարանի դատավոր մինչեւ այդ պաշտոնում նրա պաշտոնավարման 12 տարին լրանալը` հաշվի առնելով նաեւ մինչեւ Սահմանադրության` 2020 թվականի հունիսի 22-ի փոփոխությունների ուժի մեջ մտնելը որպես Սահմանադրական դատարանի անդամ կամ դատավոր պաշտոնավարած ժամկետը:

5.3. Սահմանադրության` 2020 թվականի հունիսի 22-ի փոփոխություններով 213-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով առաջացած` Սահմանադրական դատարանի դատավորի երեք թափուր տեղերի համար առաջադրումները կատարվում են Սահմանադրության` 2020 թվականի հունիսի 22-ի փոփոխությունների ուժով` համապատասխանաբար Կառավարության, Հանրապետության նախագահի եւ դատավորների ընդհանուր ժողովի կողմից, Սահմանադրության` 2020 թվականի հունիսի 22-ի փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո` երկամսյա ժամկետում:

5.4. Սահմանադրության` 2020 թվականի հունիսի 22-ի փոփոխություններով 213-րդ հոդվածի հիմքով Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնավարումը դադարելու արդյունքում Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունները ժամանակավորապես կատարողը սույն հոդվածի 5.3-րդ մասով սահմանված երկամսյա ժամկետի ավարտից ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ թեկնածու առաջադրելու անհրաժեշտության մասին տեղեկացնում է սույն հոդվածի 5.3-րդ մասով սահմանված` Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղերի համար թեկնածու առաջադրելու իրավունք ունեցող այն մարմնին, ով տվյալ պահի դրությամբ թեկնածու դեռեւս չի առաջադրել:

5.5. Սահմանադրության` 2020 թվականի հունիսի 22-ի փոփոխություններով 213-րդ հոդվածի 4-րդ մասի հիմքով առաջացած` Սահմանադրական դատարանի նախագահի թափուր պաշտոնում ընտրությունը կատարվում է սույն օրենքի 19-րդ հոդվածով սահմանված կարգով` Սահմանադրության` 2020 թվականի հունիսի 22-ի փոփոխություններով 213-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով առաջացած Սահմանադրական դատարանի դատավորների թափուր տեղերը համալրելուց հետո` տասնօրյա ժամկետում:

5.6. Քննության ընդունված այն գործերով, որոնցով սույն օրենքի 28-րդ հոդվածի 3-րդ մասում նշված աշխատակարգային որոշմամբ զեկուցող է նշանակվել Սահմանադրական դատարանի այն անդամը (դատավորը), ում պաշտոնավարումը դադարել է Սահմանադրության` 2020 թվականի հունիսի 22-ի փոփոխություններով 213-րդ հոդվածի 1-ին մասի ուժով, Սահմանադրության` 2020 թվականի հունիսի 22-ի փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո երեքշաբաթյա ժամկետում Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունները ժամանակավորապես կատարողը Սահմանադրական դատարանի դատավորների կազմից նշված գործերով զեկուցող նշանակելու հարցը լուծելու նպատակով հրավիրում է աշխատակարգային նիստ»:

Բացի այդ, կարգավորումներ են առաջարկվում դատավորի թափուր տեղերի համար թեկնածուներ առաջադրելու հաջորդականության հարցում: Ըստ հեղինակների՝ կարգավորված չէ այն հարցը, թե ինչպես է գործելու թեկնածուների առաջադրման հաջորդականությունը այն դեպքում, երբ որեւէ մարմնի կողմից արդեն իսկ առաջադրվել եւ պաշտոնավարում են Սահմանադրությամբ նախատեսված`յուրաքանչյուր մարմնի հաշվարկով առավելագույն 3 դատավորները:

Այս մասով առաջարկվող փոփոխությունը հետեւյալն է. «Սույն մասով սահմանված հաջորդականությամբ հերթական առաջադրումն իրականացնելու իրավունք ունեցող մարմինը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար թեկնածու չի առաջադրում, եթե նրա կողմից առաջադրված եւ սույն օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված տեղեկացումը համապատասխան մարմնին տրամադրելու պահին պաշտոնավարող Սահմանադրական դատարանի դատավորների թիվը, Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան, հավասար է երեքի:

Տվյալ դեպքում Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար թեկնածու առաջադրում է սույն մասով սահմանված հաջորդականությամբ թեկնածու առաջադրելու իրավունք ունեցող այն մարմինը, որի մոտ առկա չեն սույն մասի երկրորդ նախադասությամբ սահմանված սահմանափակումները»:

Հիշեցնենք, որ ՍԴ դատավորները նշում են, որ 2015 թվականի Սահմանադրությամբ սահմանադրական նորմերի անմիջականորեն գործելու փաստը վերաբերվում է միայն մարդու իրավունքներին ու ազատություններին, իսկ Սահմանադրության 167-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է, որ Սահմանադրական դատարանի կազմավորման եւ գործունեության կարգը սահմանվում են Սահմանադրությամբ եւ Սահմանադրական դատարանի մասին օրենքով: Իսկ «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի 88-րդ հոդվածի 5-րդ մասը սահմանում է, որ մինչեւ 2015 թվականի փոփոխություններով Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահը եւ անդամները 12 տարվա ժամկետը լրանալուց հետո շարունակում են պաշտոնավարել մինչեւ իրենց լիազորությունների՝ 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրությամբ սահմանված ժամկետի ավարտը:

Հենց այս կետերն էլ փոփոխության են ենթարկվում: ԱԺ պատգամավորներն իրենց ներկայացրած օրինագծի հիմնավորման մեջ նշում են. «2020 թվականի հունիսի 22-ին Ազգային ժողովի կողմից ընդունված Սահմանադրության փոփոխություններով սահմանվեցին 2015թ. փոփոխությոններով Սահմանադրությամբ Սահմանադրական դատարանի կազմավորման նոր մոդելի գործարկման մեխանիզմներ, ինչի արդյունքում ներկայումս «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ` Օրենք) մի շարք կարգավորումներ չեն համապատասխանում Սահմանադրության 2020 թվականի հունիսի 22-ի փոփոխություններին:

Չնայած այն հանգամանքին, որ փոփոխված Սահմանադրության 213-րդ հոդվածը, որպես Սահմանադրության անցումային դրույթ, պարունակում է Սահմանադրական դատարանի կազմավորման նոր մոդելին անցնելու համար անհրաժեշտ եւ արդեն իսկ գործող կարգավորումները, սակայն անհրաժեշտ է նաեւ կատարել Օրենքի եւ նոր խմբագրությամբ Սահմանադրության 213-րդ հոդվածի մի շարք համապատասխանեցումներ, ինչպես նաեւ Սահմանադրական դատարանի դատավորի եւ նախագահի թափուր պաշտոններում առաջադրումների եւ ընտրության համար անհրաժեշտ կարգավորումներ:

Բացի այդ, անհրաժեշտություն է առաջացել սահմանել նաեւ Սահմանադրական փոփոխությունների ուժով պաշտոնավարումը դադարած Սահմանադրական դատարանի երեք դատավորների, մասնավորապես`Հրանտ Նազարյանի (պաշտոնավարել է 24 տարի, Ֆելիքս Թոխյանի (պաշտոնավարել է 22 տարի) եւ Ալվինա Գյուլումյանի (պաշտոնավարել է ավելի քան 12 տարի, 1996-2003թթ. եւ 2014-2020թթ.) կենսաթոշակի իրավունքի իրացման ապահովման համար անհրաժեշտ հստակեցումներ:

Բացի այդ, Սահմանադրության 213-րդ հոդվածով եւ Օրենքի 17-րդ հոդվածով սահմանված` դատավորի թափուր տեղերի համար թեկնածուներ առաջադրելու հաջորդականության պայմաններում կարգավորված չէ այն հարցը, թե ինչպես է գործելու այդ հաջորդականությունը այն դեպքում, երբ որեւէ մարմնի կողմից արդեն իսկ առաջադրվել եւ պաշտոնավարում են Սահմանադրությամբ նախատեսված` յուրաքանչյուր մարմնի հաշվարկով առավելագույն 3 դատավորները: Խնդիրը ակնհայտ է, հատկապես երբ խոսքը գնում է մեկից ավելի թափուր տեղերի համար առաջադրումները կատարելու մասին: