Կորոնավիրուսով վարակվածների թիվը Հայաստանում հասել է 25127-ի: Անցած մեկ օրում գրանցվել է 482 նոր դեպք: Մահացել է եւս 11 մարդ, որոնցից 4-ը՝ այլ հիվանդություններից: Մահացածների ընդհանուր թիվը 433 է, COVID-19-ով վարակված, սակայն այլ հիվանդությունից մահացածների թիվն էլ հասել է 143-ի: Ծայրահեղ ծանր վիճակում է 123, ծանր վիճակում՝  529 հիվանդ:

Կառավարության ղեկավարը դարձյալ դժգոհել է հասարակությունից վարակի դեմ կանոնները չպահպանելու համար: Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում լուսանկար է հրապարակել եւ գրել. «Եվ այսպես՝ ամբողջ Հայաստանում: Գծանշումը կա, կանոնները կան, կանոնների պահպանումը չկա: Էստեղ է ամբողջ պրոբլեմը»: 

Երեկոյան էլ պարետատան նիստին հաջորդած ճեպազրույցում  վերահաստատելով առավոտվա միտքը, Փաշինյանն ասել է, թե սոցիալական ցանցերի շատ մակերեսային դիտարկումները ցույց են տալիս, որ, ըստ էության, ի հեճուկս հակահամաճարակային շարժում սկսելու անհրաժեշտության, մեր բազմաթիվ հայրենակիցներ, ավելի շատ պրոհամաճարակային վարքագիծ են դրսեւորում:  Մեր կոչը մեկն է՝ պահպանել հակահամաճարակային կանոնները, ասել է  Փաշինյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ նախօրեին առողջապահության նախարարը կոչ էր արել չայցելել ռեստորաններ, սրճարաններ, փաստացի անհամաձայնություն հայտնելով Արսեն Թորոսյանին:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ  124 քննիչներ հանված են իրենց գործերից եւ կցված են միայն Գագիկ Ծառուկյանի գործին: Պատգամավորն ասել է նաեւ, որ իրեն էլ են ոստիկանները հետեւում. «Նախորդ օրը խանութից կանացի պարագա էի առնում, ուզում էի շուռ գայի ասեի՝ լա՞վն ա, հավանո՞ւմ եք: Անլրջացրել են այդ աստիճանի», ասել է նա, ավելացնելով, որ ԱԱԾ-ն էլ, պատկերավոր խոսքով, իր տանն է բնակվում

Երեւանում Եվրամիության պատվիրակության շենքի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ Հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանը հայտարարել է, որ շատ շուտով գալու է նաեւ գործողությունների ժամանակը: Երիտասարդ հանրապետականները նամակ են հանձնել ԵՄ պատվիրակությանը, որում, իրենց խոսքով, ներկայացրել են Հայաստանյան գործընթացների հակասահմանադրական եւ հակաժողովրդավարական բնույթը: Իսկ անակնկալը ՀՀԿ-ականները պահպանել են իշխանությունների համար: Նամակի կրկնօրինակներից հանձնվել նաեւ 20-ից ավելի դիվանագիտական մյուս առաքելությունների:

Մենք ունենք սահմանադրության բռնաբար: Այս մասին  լրագրողների հետ զրույցում ասել է  ոստիկանության գնդապետ Սայաթ Շիրինյանը` խոսելով Սահմանադրական դատարանում տեղի ոնեցող փոփոխությունների մասին: «Նիկոլ Փաշինյանն արդեն որերորդ անգամն է Սահմանադրությունն ուղղակի  բռնաբարում է, բայց քանի որ  իր տեսակով համաձայն չի լինելու  միայնակ  դատվելուն, նա իր համար հանցակիցներ է գտնում»,- ասել է նա:  Ըստ Շիրինյանի՝  երկրորդ նախագահն իր անձնական ազատությունը ստորադասեց պետական շահին, երբ հրաժարվեց Սահմանադրական դատարան 1 տարի առաջ ներկայացրած դիմումից: Ինչ վերաբերում է Բարձր ատյան դիմելուց առայժմ ձեռնպահ մնացած «Լուսավոր Հայաստանին»,  ապա, Սայաթ Շիրինյանի բառերով,  Էդմոն Մարուքյանը Նիկոլ Փաշինյանի անդրավարտիքի գրպանի ընդդիմությունն է:

Շիրինյանի խոսքերը վրդովել են Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար, ԼՀԿ անդամ Դավիթ Խաժակյանին: Նա  Ֆեյսբուքում գրել է, որ այդ հայտարարությունների համար, մեջբերում եմ՝ նրա պագոնների աստղերը պետք է պոկվեն և կախվեն երկու ականջներին և ճակատին՝ որպես վկայությունն այն բանի, որ ոչ տղամարդուն, ոչ էլ պաշտոնաթող սպային այդ արտահայտությունները պատիվ չեն բերում, մեջբերման ավարտը։

Իսկ Էդմոն Մարուքյանը դիմել է կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ պահանջելով վերականգնելու համար «Լուսավոր Հայաստան» խմբակցության մեկ մանդատը։ Բանն այն է, որ ընտրություններում  ԼՀԿ-ն ստացել էր 18 մանդատ, սակայն խմբակցությունից հեռացել է Արման Բաբաջանյանը, որը ներկայանում է անկախ պատգամավոր, կողմ է քվեարկում իշխող խմբակցության ու կառավարության նախագծերին։ :

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուլիխանյանը չի հերքել շուտով Պետական վերահսկողության ծառայության պետ նշանակվելու մասին լուրերը, թեեւ  չի էլ հաստատել: Եթե որեւէ որոշում կայացվի, ես դրա մասին տեղյակ կպահեմ, ասել է նա: Հիշեցնենք, որ ՊՎԾ պետի պաշտոնը զբաղեցնող Դավիթ Սանասարյանի լիազորությունները սառեցվել են:

Հայկական ծագումով ֆրանսիացի քաղաքական գործիչ եւ բնապահպան 39-ամյա Ժաննա Բարսեղյանը ընտրվել է Ստրասբուրգի քաղաքապետ: Նա ստացել է ընտրողների  42.5%-ի քվեն: Նա գլխավորում է ֆրանսիական «Էկոլոգիա՝ կանաչների կուսակցության» ցուցակը։ Ֆրանսիայի տեղական մարմինների ընտրություններում անակնկալը Մարին Լը Պենի գլխավորած Ազգային ճակատ կուսակցության հաղթարշավն էր: Ազգայնական գործչի կուսակիցները հաղթել եւ 5 քաղաքում  ստանձնել են քաղաքապետի պաշտոնը

Վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը Facebook-ի իր էջում լուսանկար է հրապարակել եւ գրառում արել: «Հինգ ամսվա ընդմիջումից հետո մայրիկիս եմ հանդիպել»,-գրել է նա:

ԱՄՆ դոլարի փոխարժեք նախորդ օրվա համեմատ աճել է 0.50 դամով ու հասել 482.44 դրամի: Եվրոյի փոխարժեքն աճել է 3.16 դրամով ու հասել  543.85 դրամի, բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 2.03 դրամով  ու կազմել 594.95 դրամ, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.06 դրամով  ու կազմել 6.89 դրամ:

Հունիսի 30-ին ցերեկային ժամերին Հայաստանի որոշ շրջաններում սպասվում են կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ: Տեղ-տեղ կա կարկուտի հավանականություն: Երեւանում կլինի առանց տեղումների եղանակ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +17 +19, վաղը ցերեկը՝ +31 +33: