Թաիլանդում հուլիսի 1-ից կբացվեն փաբերն ու բարերը: Երկրի իշխանությունները ծրագրում են լ թույլ տալ արտասահմանյան զբոսաշրջիկների մուտքը այն բանից հետո, երբ վերջին 5 շաբաթվա ընթացքում չի գրանցվել կորոնավիրուսի վարակի ոչ մի դեպք, հայտնում է Reuters-ը:

Փաբերը, բարերը կաշխատեն մինչեւ կեսգիշեր՝ անվտանգության կանոնները, օրինակ՝ սեղանների միջեւ երկու մետր հեռավորությունը պահպանելու դեպքում։

«Ալկոհոլի օգտագործումը կարող է նվազեցնել կարգապահությունը, ուստի նախքան այդ վայրեր այցելելը կիրականացվի մանրամասն մոնիթորինգ»,- ճեպազրույցում հայտարարել է Կառավարության COVID-19 իրավիճակային կառավարման կենտրոնի ներկայացուցիչը:

Թաիլանդում աշխատանքի եւ ընտանիքներով ապրելու թույլտվություն ունեցող օտարերկրացիները նույնպես կկարողանան մուտք գործել երկիր, սակայն կենթարկվեն 14-օրյա կարանտինի:

Պաշտոնյան նշել է, որ կարող է թույլատրվել նաեւ այն արտասահմանցիների մուտքը, որոնց ցուցված է որոշակի տեսակի բուժում, ինչպիսիք են կոսմետիկ վիրաբուժությունը կամ անպտղության բուժումը։

Ճապոնիայից, Հարավային Կորեայից, Սինգապուրից, Չինաստանից եւ Հոնկոնգից գործարար այցելուները կարող են ազատվել երկշաբաթյա կարանտինային ռեժիմից՝ արագացված մուտքի դեպքում, եթե ունեն վկայագրեր, որոնք հաստատում են, որ նրանք վարակված չեն COVID-19-ով եւ ժամանելիս թեսթավորում են անցել։

Թաիլանդի ավիացիոն կարգավորողը հայտարարել է, որ հուլիսի 1-ից կթույլատրվեն միջազգային չվերթները՝ կառավարության պայմանները բավարարող ուղեւորներով:

Այսօրվա դրությամբ Թաիլանդում գրանցվել է COVID-19-ով վարակման 3169, այդ թվում՝ մահվան 58 դեպք, 3,053 պացիենտ ապաքինվել է։