Երկկողմանի թոքաբորբի ախտորոշման կապակցությամբ Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւը Ազգային անվտանգության պետական ​​կոմիտեի քննչական մեկուսարանից տեղափոխվել է հիվանդանոց: Այս մասին երեքշաբթի հայտարարել է ԱԱՊԿ-ի մամուլի կենտրոնը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Աթամբաեւը դժգոհել էր վատ ինքնազգացողությունից, ինչի կապակցությամբ նրանից COVID-19-ի համար անալիզներ էին վերցվել, որոնք բացասական արդյունք էին ցույց տվել: Նույն օրը բժիշկների առցանց խորհրդատվություն էր անցկացվել, ինչից հետո նրա մոտ «արտահիվանդանոցային երկկողմանի թոքաբորբ» էր ախտորոշվել: Բժիշկները որոշում էին կայացրել նախկին նախագահին «տեղափոխել հիվանդանոց՝ ստացիոնար բուժման համար»:

Ըստ ԱԱՊԿ-ի՝ անցած շաբաթվա ընթացքում Աթամբաեւը մի քանի անգամ հանդիպել է իր փաստաբանների եւ հարազատների հետ, ովքեր իրեն «փաստաթղթեր եւ իրեր» են փոխանցել: Մամուլի կենտրոնում նաեւ պնդում են, որ նախկին նախագահի փաստաբաններից մեկի մոտ «վիրուսային վարակի առանձին ախտանիշներ են հայտնաբերվել»: «ԱԱՊԿ-ի քննչական մեկուսարանն աշխատում է սովորական ռեժիմով, խստորեն կատարվում են կորոնավիրուսի հարցով հանրապետական ​​շտաբի բոլոր անհրաժեշտ պահանջները»,- ընդգծվում է զեկույցում:

Հունիսի 23-ին Բիշքեկի Պերվոմայսկի շրջանի դատարանն Աթամբաեւին մեղավոր էր ճանաչել Ղրղզստանի Քրեական օրենսգրքի «Կոռուպցիա» հոդվածով եւ դատապարտել էր 11 տարի 2 ամիս ազատազրկման՝ գույքի առգրավմամբ: Ըստ քննիչների՝ 63-ամյա նախկին նախագահը եւ եւս 19 մարդ, այդ թվում՝ նախկին գլխավոր դատախազ Ինդիրա Ջոլդուբաեւան, որը տուգանվել է դատարանի կողմից 67 հազար դոլարով, ներգրավված են 2013 թվականին քրեական հեղինակություն Ազիզ Բատուկաեւին ուղղիչ գաղութից ապօրինի ազատ ազատ արձակելու մեջ:

Աթամբաեւը, որը Ղրղզստանը ղեկավարում էր 2011-2017 թվականներին, ձերբակալվել էր 2019-ի օգոստոսի 8-ին՝ Չուիի շրջանի Կոյ-Տաշ գյուղում գտնվող իր նստավայրում շուրջ 24 տեւած հատուկ օպերացիայի ընթացքում: Պետության նախկին ղեկավարի կողմնակիցները, ով բազմիցս մերժել է իր դեմ առաջադրված բոլոր մեղադրանքները, դիմադրություն էին ցույց տալիս, օպերացիայի ընթացքում հատուկ նշանակության զորքերի մեկ սպա էր զոհվել: Առճակատման ընթացքում ավելի քան 100 մարդ դիմել է բժշկական օգնության, այդ թվում՝ ոստիկանության աշխատակիցները:

Նախկին նախագահին ծանուցում է տրվել՝ իրավապահ մարմինների աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու, անկարգություններ կազմակերպելու, սպանություններ կատարելու, սպանության փորձ կատարելու, ինչպես նաեւ պատանդ վերցնելու կազմակերպման, կոռուպցիայի, Բատուկաեւի՝ բանտից ապօրինի ազատման, Բիշքեկի ՋԷԿ-ի վերակառուցման ընթացքում կոռուպցիայի, «Ֆորում» արդյունաբերական խմբի՝ Բիշքեքում գտնվող շենքի հետ ապօրինի գործարքի կազմակերպման եւ Իսիկ-Կուլի շրջանում հողերի ապօրինի ձեռքբերման կասկածանքով: Աթամբաեւը 2019-ի օգոստոսի 8-ից գտնվում է նախաքննական կենտրոնում: