Իշխանությունները հասարակության մեջ մթնոլորտի համար գլխավոր պատասխանատուներն են, այս դեպքում դա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն են: Այս մասին «Հաղորդակցության ճգնաժամ: Ատելությունը մեդիատարածքում» թեմայով օնլայն քննարկման ժամանակ ասաց ՀՀ Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը:

Նրա խոսքով՝ շատ կարեւոր է, թե ով է տարածում ատելության խոսքը, վիրավորանքը եւ խախտում անմեղության կանխավարկածը, քանի որ եթե դա անում է պետության ղեկավարը, ապա նման գործողություններն անդրադառնում են երկրի իմիջի վրա: «Նման իրավիճակում լրագրողին մեղադրելն անընդունելի է: Այլ հարց է, որ Հայաստանում նկատվում է ճգնաժամ հասարակական-քաղաքական կյանքում: Միեւնույն ժամանակ, ԶԼՄ-ների վարկաբեկում է տեղի ունենում,    ընդունվում են օրենքներ առանց հանրային քննարկումների: Դա ռիսկեր է ստեղծում խոսքի ազատության սահմանափակման համար»,-նշեց նա:

Սեյրանյանը հավելեց, որ հեղափոխությունից հետո «ֆեյքերի» մասնակցությամբ ատելության տարածման հետ կապված իրավիճակը խորացել է, եւ դա կապված է նաեւ նրա հետ, որ տվյալ ծառայությունը վճարվում է: