Android-ով ֆլագմանային սմարթֆոնների արժեքը կբարձրանա: Թանկացումը կապում են Qualcomm պրոցեսորների բարձր գնի հետ, հայտնում է Digit պարբերականը:

Ըստ Հարավային Կորեայից ստացված տեղեկությունների, որոնք հրապարակվել են թեմատիկ ֆորումներից մեկում, նոր սերնդի Snapdragon 875 պրոցեսորը գնահատվելու է շուրջ 250 դոլար: Ընդ որում՝ Snapdragon 865 չիպի արժեքը, որն օգտագործվում է Android-ով շատ ֆլագմանային սարքերում, կազմում է մոտ 150-160 դոլար:

Սա ազդում է հեռախոսների արտադրության արժեքի մեծացման վրա եւ հանգեցնում շուկայում գնաճի: Լրագրողների կարծիքով՝ վերջնական սպառողը գների բարձրացումը կզգա 2021 թվականին, երբ շուկա դուրս կգա Snapdragon 875 հիմքով սմարթֆոնների զգալի քանակություն: Մասնագետները շեշտում են, որ գաջեթների յուրաքանչյուր արտադրողի համար նոր չիպի արժեքը կախված կլինի պատվերների ծավալից, սակայն պրոցեսորների գները ցանկացած դեպքում բարձր կլինեն:

Digit-ի հեղինակները պրոցեսորների գնաճը պատճառաբանում են այն հանգամանքով, որ բացի անմիջականորեն չիպերից, սմարթֆոններ արտադրողները ստիպված են լինելու ձեռք բերել լրացուցիչ մասեր եւ միկրոսխեմաներ, օրինակ՝ 5G-մոդեմ եւ ռադիոհաճախականության բաղադրիչներ: Չիպերի բարձր արժեքը կարող է պայմանավորված լինել նաեւ շուկայի տվյալ հատվածում Qualcomm-ի գերակայող դիրքով:

Թայվանից հաշվետվության համաձայն՝ հնգանանոմետր տեխպրոցեսորի վրա հիմնված Snapdragon 875-ի զանգվածային արտադրությունն արդեն գործարկվել է: Չիպը պետք է ստանա Cortex-X1 Super Core բաղադրիչ, որը 30 տոկոսով մեծացնելու է տվյալների մշակման արագությունը՝ Cortex-A77 միջուկի համեմատությամբ: Սպասվում է, որ Qualcomm-ը Snapdragon 875 չիպը կներկայացնի դեկտեմբերին: