Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը կոչ է արել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ցմահ նախագահ ընտրել: Այս մասին նա հայտարարել է հանրապետության իշխանությունների հետ կայացած նիստի ժանանակ։ Տեսանյութը նա հրապարակել է Թելեգրամի իր ալիքում, հաղորդում է Lenta-ն: 

  «Ես միշտ ասել եմ՝ մենք պետք է Վլադիմիր Պուտինին ցմահ նախագահ ընտրենք։ Այսօր ո՞վ կարող է փոխարինել նրան։ Համաշխարհային մասշտաբով նման քաղաքական առաջնորդ չկա։ Պետք է հպարտանանք դրանով»,-ասել է նա:

Նա նշել է, որ սահմանադրական փոփոխությունների հարցով 206 ուղղումներից որեւէ մեկը «հանուն փոփոխության» չի արվում։ Կադիրովի կարծիքով՝ փոփոխությունները մտցվում են բացառապես «հանուն պետության դիրքերն ամրապնդելու, պետությունը պահպանելու համար»:  

«Ես բոլոր հարազատներիս ասել եւ ասում եմ՝ բոլորս պետք է դուրս գանք ու քվեարկենք բարեփոխումների օգտին։ Եթե նա ընտանիքի հետ չի գնացել բարեփոխումներին կողմ քվեարկելու, ապա նրան չի հետաքրքրում, թե ինչ տեղի կունենա վաղն իր երեխաների հետ»,- ասել է Կադիրովը։