Հոնկոնգի ազգային անվտանգության մասին օրենքի ընդունման պատճառով չինացի մի քանի պաշտոնյաների դեմ մի շարք երկրների սպառնալիքները եւ պատժամիջոցներ սահմանելու մտադրությունը «ավազակային տրամաբանություն» է, այսօր մամուլի ասուլիսում ասել է Չինաստանի Պետխորհրդի Հոնկոնգի եւ Մակաոյի գործերով գրասենյակի ղեկավարի տեղակալ Չժան Սյաոմինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: 

Հունիսի 30-ին Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեն հավանություն էր տվել Հոնկոնգում ազգային անվտանգության մասին օրենքին, որը նույն օրը ուժի մեջ է մտել: Մշտական կոմիտեն նաեւ որոշում է ընդունել օրենքը ներառել Հիմնական օրենքի՝ Հոնկոնգ հատուկ վարչական շրջանի մասին III հավելվածի մեջ:

«Ինչ վերաբերում է ձեր հիշատակած որոշ երկրներին, որոնք հայտարարում են չինացի մի շարք պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու մտադրության մասին, կարծում եմ, որ դա ավազակային տրամաբանություն է»,- հայտարարել է Չժան Սյաոմինը:

Նրա խոսքով՝ այն, ինչ Պեկինն անում է ներկայումս, Չինաստանի վարչատարածքային միավորներից մեկում ազգային անվտանգության ապահովման մասին օրենքի ընդունումն է, «ի՞նչ գործ ունեք դուք դրա հետ, դա բացառապես մեր ներքին գործն է»:

ԱՄՆ-ի եւ Չինաստանի հարաբերությունները վերջին շրջանում կրկին սրվել են երկրի հատուկ վարչական շրջան Հոնկոնգի ազգային անվտանգության պաշտպանության մասին օրինագծի պատճառով, որը, ինչպես Վաշինգտոնն է համարում, ուղղված է նրա բարձր ինքնավարության վերացմանը: ԱՄՆ-ն ավելի վաղ մուտքի սահմանափակումներ էր մտցրել Չինաստանի Կոմունիստական կուսակցության պաշտոնատար անձանց համար, որոնք «պատասխանատու են Հոնկոնգի ինքնավարության վերացման համար»: Դրանից բացի, դադարեցվել է Հոնկոնգ պաշտպանական տեխնոլոգիաների եւ երկակի նշանակության տեխնոլոգիաների արտահանումը: Կվերացվեն նաեւ այս տարածքում գործող արտոնությունները:

Օրինագծում ամրագրված են կանոնները, որոնք առնչվում են Հոնկոնգում կատարված 4 տեսակի հանցագործությունների նախականխմանը, խափանմանը եւ պատժին, ներառյալ անջատողական գործունեությունը, պետական իշխանության տապալման փորձերը, ահաբեկչական գործունեությունը, ազգային անվտանգությունը սպառնալիքի տակ դնելու նպատակով օտարերկրյա պետությունների եւ արտասահմանում գտնվող ուժերի հետ դավադրության մեջ մտնելը: