ԵՄ Խորհրդի նախագահությունը հուլիսի սկզբից Խորվաթիայից անցել է Գերմանիային: Այն կտեւի 6 ամիս, իսկ 2021 թվականի հունվարի 1-ին կփոխանցվի Պորտուգալիային, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Առաջիկա վեց ամսվա ընթացքում Գերմանիան կկենտրոնանա համավարակի հետեւանքների, կլիմայի պահպանության խնդիրների հաղթահարման, եվրոպական առողջապահական համակարգի ամրապնդման եւ թվայնացման վրա: Բացի այդ, Բեռլինը կփորձի միավորել Եվրամիության անդամ երկրների քաղաքականությունը աշխարհաքաղաքական խոշոր խաղացողներ Չինաստանի, Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների նկատմամբ:

Նախօրեին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսազրույց էր ունեցել Խորվաթիայի վարչապետ Անդրեյ Պլենկովիչի հետ: «Գերմանիան իր նախագահության օրոք կհիմնվի Խորվաթիայի նախագահության ժամանակ ձեռք բերված առաջընթացի վրա»,- նշվում է Դաշնային հանրապետության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Վերջին ամիսների ընթացքում Գերմանիայի իշխանությունները բազմիցս խոսել են նախագահության առաջնահերթությունների մասին: Բեռլինում նշել են, որ Եվրոպան պետք է ավելի մրցունակ եւ արդյունավետ դառնա  համաշխարհային քաղաքականության համատեքստում, որպեսզի պաշտպանի իր արժեքներն ու շահերը: ԵՄ երկրները պետք է «միասնական եւ միաձայն դիրքորոշում» ստանձնեն՝ հարաբերություններ կառուցելով ռազմավարական գործընկերների հետ, ասել է Մերկելը: Նրա խոսքով՝ հեշտ չէ գոհացնել ԵՄ անմիջապես 27 երկրի, սակայն Գերմանիան կձգտի դրան:

Գերմանիայի նախագահությանը բաժին է ընկնում Եվրոպայի ամենալուրջ ճգնաժամերից մեկը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: Կորոնավիրուսի համավարակը հարվածել է առողջապահությանը, տնտեսությանը եւ աշխատաշուկային: Գերմանիայի առանցքային նախաձեռնություններից մեկը, որը մշակվել է Ֆրանսիայի հետ համատեղ, եվրոպական տնտեսության վերականգնման ծրագիրն է, որը 500 միլիարդ եվրո ծավալով հիմնադրամի ստեղծում է նախատեսում: Բեռլինի եւ Փարիզի առաջարկությունների համաձայն՝ միջոցները պետք է ուղղվեն ճգնաժամից տուժած երկրներին օգնելու համար՝ ԵՄ բազմամյա ֆինանսական ծրագրի շրջանակներում։

Ակնհայտ է, որ առաջիկա վեց ամիսների ընթացքում Գերմանիան բազմիցս կվերադառնա ԵՄ տնտեսության եւ բյուջեի վերականգնման թեմային՝ հատկապես, որ տարաձայնություններն այս հարցով շարունակվում են։ Ինքը Մերկելն ասել է, որ այդ խնդիրները լուծելու համար երկար ճանապարհ է հարկավոր անցնել։