Վերջին չորս ամսվա ընթացքում կորոնավիրուսի պատճառով 35 երկրից առնվազն 186 լրագրող է մահացել: Այս տվյալները չորեքշաբթի հրապարակել է ժնեւյան Press Emblem Campaign (PEC) հասարակական կազմակերպությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Ընդգծվում է, որ «2020 թվականի մարտի 1-ից մինչեւ հունիսի 30-ն առնվազն 186 լրագրող է մահացել COVID-19 հիվանդության պատճառով»: Հունիսին գրանցվել է 59 մահվան դեպք: PEC-ն ընդգծում է, որ «թիվը, անշուշտ, մեծ է», քանի որ որոշ երկրներում համավարակի էվոլյուցիայի մասին ամբողջական տեղեկատվություն չկա, ոչ բոլոր մահացածներն են կորոնավիրուսի ախտորոշման թեստ անցել։

Տարածաշրջանների թվում առաջատար է Լատինական Ամերիկան, որտեղ, կազմակերպության տվյալներով, լրատվամիջոցների 93 աշխատակից է մահացել COVID-19-ից: Դրան հաջորդում են Ասիան (34), Եվրոպան (26), Աֆրիկան ​​(19) և Հյուսիսային Ամերիկան ​​(14), Պերուում (37): PEC-ի ցանկում այս երկրներին հաջորդոմ են Բրազիլիան (16), Մեքսիկան (14), ԱՄՆ (13), Էկվադորը (12), Պակիստանը (10), Բանգլադեշը (9), Հնդկաստանը (9), Նիգերիան (8), Միացյալ Թագավորությունը (7), Բոլիվիան (5), Ռուսաստանը (5), Նիկարագուան (4), Ֆրանսիան (4):

Կորոնավիրուսից մահվան երեքական դեպք գրանցվել է Դոմինիկյան հանրապետությունում, Իսպանիայում, Իտալիայում եւ Կամերունում։ Ցուցակը ներառում է ընդհանուր 35 պետություն։

Բացի այդ, ըստ PEC-ի, 2020 թվականի առաջին վեց ամսվա ընթացքում աշխարհում սպանվել է 33 լրագրող 18 երկրից, Մեքսիկան ճանաչվել է ամենավտանգավոր երկիրը լրատվամիջոցների աշխատողների համար:

2004-ին հիմնադրված Press Emblem Campaign-ը խորհրդատվական կարգավիճակ ունի ՄԱԿ-ին առընթեր: Նրա զեկույցների համար տեղեկատվության աղբյուրը մամուլի, ՄԱԿ-ի եւ հասարակական կազմակերպությունների հաղորդագրություններն են։