Չորեքշաբթի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակցել է համառուսաստանյան քվեարկությանը սահմանադրական փոփոխությունների հարցով, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Ըստ ընտրատեղամասից արվող հեռարձակման՝ պետության ղեկավարը ժամանել է Մոսկվայի հարավ-արևմուտքում Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի նախագահության շենքում տեղակայված ընտրատեղամասը, որտեղ նա ավանդաբար քվեարկում է ընտրություններում:

Նախագահն անհատական պաշտպանության միջոցներ՝ դիմակ եւ ձեռնոց, չի օգտագործել, սակայն նրան քվեաթերթիկ տրամադրող տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամը դիմակով եւ ձեռնոցով էր: Պուտինն օգտվել է միանգամյա օգտագործման գրիչից։ ՌԴ նախագահը լրացրել է քվեաթերթիկը քվեախցիկում եւ այն տեղադրել քվեաթերթիկների մշակման էլեկտրոնային համալիրի մեջ: Այն պահին, երբ Պուտինն ընտրատեղամասում էր, այնտեղ այլ ընտրողներ չկային, սակայն ներկա էին դիտորդները։

Երեքշաբթի՝ Սահմանադրության փոփոխության հարցի վերաբերյալ հիմնական քվեարկության օրվա նախօրեին, Ռուսաստանի Դաշնության նախագահն ուղերձով դիմել էր ռուսներին: Նա կոչ էր արել բոլորին քվեարկել եւ նշել էր, որ փոփոխությունները կընդունվեն միայն այն դեպքում, եթե քաղաքացիներն աջակցեն դրանց: Ըստ Պուտինի՝ առաջարկվող փոփոխություններն ամրագրելու են ռուս ժողովրդի գլխավոր արժեքները հիմնական օրենքում:

Ռուսաստանի Դաշնության Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու վերաբերյալ համառուսաստանյան քվեարկությունը մեկնարկել էր հունիսի 25-ին ամբողջ Ռուսաստանում: Քվեարկության հիմնական օրը հուլիսի 1-ն է, բայց ռուսները կարող էին քվեարկել նաեւ հունիսի 25-ից 30-ը: Դա արվել էր կորոնավիրուսի տարածմանը հակազդելու համար: Ձայների հաշվարկը կիրականացվի հուլիսի 1-ին՝ տեղական ժամանակով 20:00-ից հետո։