Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, նախագահությամբ դատավոր Մեսրոպ Մակյանի, այսօր՝ հուլիսի 1-ին, «Սասնա ծռերի» գործով դատական նիստին գործով ամբաստանյալ Արմեն Բիլյանը նախ 5 ժամով հեռացվեց նիստերի դահլիճից, այնուհետեւ պաշտպանների միջնորդությամբ դատարանը թույլատրեց նրան վերադառնալ նիստերի դահլիճ։

Նշենք, որ Բիլյանի նկատմամբ դատարանը հաճախակի է դատական սանկցիա կիրառում՝ անհարգալից վերաբերմունքի համար։

Հիշեցնենք, որ այսօրվա դատական նիստին հարցաքննվում են գործով վկաները։

Հիշեցնենք, որ 2016 թ. հուլիսի 17-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու նախապատրաստության, ծանրացուցիչ հանգամանքներում սպանությունների, շենքեր, շինություններ, տրանսպորտի միջոցներ զավթելու, պատանդ վերցնելու եւ պահելու, ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու, զենք, ռազմամթերք հափշտակելու, ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու եւ դիտավորությամբ ոչնչացնելու փաստի կապակցությամբ հարուցված քրեական գործերը քննվում են դատարաններում։

Զինված հարձակման հետեւանքով զոհվել են գնդապետ Արթուր Վանոյանը, լեյտենանտ Յուրի Տեփանոսյանն ու ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանը։

ՊՊԾ գունդը զավթելու եւ նշված այլ արարաքները կատարելու մեջ մեղադրվում է 32 անձ: