Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, նախագահությամբ դատավոր Մեսրոպ Մակյանի, այսօր՝ հուլիսի 1-ին, «Սասնա ծռերի» գործով դատական նիստին հարցաքննում են գործով վկաները։

Ըստ դատակոչի ցուցակի հարցաքննվեց գործով վկա Գառնիկ Հովակիմյանը, որը դատավարության մասնակիցների հարցրերին չպատասխանեց, նշելով, որ ոչինչ չի հիշում։

Նա պատասխանեց միայն գործով ամբաստանյալ Արմեն Բիլյանի հարցին։

Բիլյանը հարցրեց Գառնիկ Հովակիմյանին՝ ինքը կապ ունի՞ ոստիկան Գագիկ Մկրտչյանի վիրավորման հետ, նա պատասխանեց. «Արմեն ջան գիտենք, որ ոչ մի կապ էլ չունենք»։

Դատավորի ճշտող հարցին՝ ի՞նչ նկատի ունի ինքը, ասելով «կապ չունենք», նա պատասխանեց, որ նկատի ունի՝ Արմեն Բիլյանը կապ չունի ոստիկան Գագիկ Մկրտչյանի վիրավորման հետ։

Բիլյանի հարցին՝ արդյոք իր ձեռքին զենք եղե՞լ է՝ նա ասաց, որ չի եղել զենք։

Գործով մյուս վկան՝ Գեւորգ Մելիքյանը նշեց, որ ինքը Արմեն Բիլյանին փոխհրաձգության պահին չի տեսել։

Հիշեցնենք, որ 2016 թ. հուլիսի 17-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու նախապատրաստության, ծանրացուցիչ հանգամանքներում սպանությունների, շենքեր, շինություններ, տրանսպորտի միջոցներ զավթելու, պատանդ վերցնելու եւ պահելու, ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու, զենք, ռազմամթերք հափշտակելու, ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու եւ դիտավորությամբ ոչնչացնելու փաստի կապակցությամբ հարուցված քրեական գործերը քննվում են դատարաններում։

Զինված հարձակման հետեւանքով զոհվել են գնդապետ Արթուր Վանոյանը, լեյտենանտ Յուրի Տեփանոսյանն ու ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանը։

ՊՊԾ գունդը զավթելու եւ նշված այլ արարաքները կատարելու մեջ մեղադրվում է 32 անձ: