Կանադայի Դրամային պալատը թողարկել է հատուկ մետաղադրամ՝ ի պատիվ բուժաշխատողների, կամավորների, մթերային խանութների աշխատակիցների եւ այլ աշխատողների, որոնք, իրենց կյանքին սպառնացող վտանգի պայմաններում դիմակայում են նոր կորոնավիրուսային համավարակին եւ Կանադայի բնակչությանը ապահովում են այն ամենով, ինչ անհրաժեշտ է այս դժվար ժամանակներում: Այս մասին հաղորդագրությունը տեղադրված է գործակալության կայքում, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Նիկելապատ մետաղադրամի մի կողմում պատկերված է սիրտ, որը հատվում է թխկու տերեւի՝ Կանադայի խորհրդանիշի հետ։ Մյուս կողմում՝ գրկախառնված մարդկանց խումբ է, որոնք կանգնած են թխկու տերեւի կենտրոնում։ Նրանց ներքեւում երկրի պաշտոնական լեզուներով՝ անգլերեն եւ ֆրանսերեն գրված է «Շնորհակալություն»։ Բացի այդ, մետաղադրամի հետ կա նաեւ մագնիս, այնպես որ այն կարելի է կրել, օրինակ՝ պիջակի օձիքի վրա։

Այդ մետաղադրամի արժեքը 9 կանադական դոլար 95 ցենտ է (մոտ 7,5 դոլար)։ Գնել այն կարելի է միայն առցանց պատվերի միջոցով։ Վաճառքից ստացված բոլոր միջոցները կուղղվեն նոր կորոնավիրուսի դեմ պայքարի կանադական բարեգործական հիմնադրամին։ «Այս նախագծով Կանադայի Դրամային պալատը ուզում է շնորհակալություն հայտնել այն մարդկանց, ովքեր համավարակի ժամանակ օգնում են կանադացիներին ամբողջ երկրում»,- ասվում է Դրամային պալատի ղեկավար Մարի Լեմեի հայտարարության մեջ։

Կանադայում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը գրանցվել է հունվարի 15-ին, այսօրվա դրությամբ վարակվել է ավելի քան 104 000 մարդ, նրանցից մոտ 8600-ը մահացել է, 67 500-ն արդեն ապաքինվել է։