Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի եւ Թուրքիայի նախագահներ Հասան Ռոհանիին եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանին առաջարկել է քննարկել Սիրիայում ահաբեկիչների դեմ պայքարի լրացուցիչ միջոցառումները, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Աստանայի գործընթացի երաշխավոր երկրների գագաթնաժողովում ՌԴ ղեկավարը նշել է, որ «այսօրվա տեսակոնֆերանսի գլխավոր նպատակներից մեկն է միասին վերլուծել այդ երկրում ընթացիկ իրադրությունը, պայմանավորվել այն մասին, թե ինչ հնարավոր կլիներ լրացուցիչ անել Սիրիայում երկարաժամկետ կարգավորում ապահովելու համար»:

Նա պարզաբանել է, որ «խոսքն առաջին հերթին վերաբերում է միջազգային ահաբեկչության դեմ պայքարի շարունակմանը»: «Անհրաժեշտ է մտածել, թե էլի ինչ միջոցառումներ են անհրաժեշտ դեռեւս գործող ահաբեկչական խմբավորումների չեզոքացման համար»,- հավելել է Պուտինը:

Ռուսաստանցի առաջնորդը նշել է, որ առավել լարված իրադրություն է պահպանվում Սիրիայի կառավարության ենթակայության ներքո չգտնվող տարածքներում, ապաէսկալացիայի Իդլիբի գոտում եւ երկրի հյուսիս-արեւելքում, Անդրեփրատում, «որտեղ զգալիորեն ակտիվացել է ԻՊ զինյալների գործունեությունը»: Մասնավորապես Իդլիբի իրավիճակի մասին խոսելիս Պուտինը նշել է, որ Մոսկվան շարունակում է սերտորեն աշատել Անկարայի հետ՝ «2018 թվականի սեպտեմբերի 17-ի Սոչիի հուշագրով եւ ընթացիկ տարվա մարտի 5-ին դրան կից լրացուցիչ արձանագրությամբ հասած պայմանավորվածությունների իրականացման նպատակով»:

«Իհարկե, [Իդլիբում] դեռեւս ոչ բոլոր խնդիրներն են լուծված, ամեն ինչ չէ, որ արված է, բայց նախաձեռնվող ջանքերը, այնուամենայնիվ, արդյունքներ ունենում են: Օրինակ՝ հրադադարի ռեժիմ մտցնելով ապաէսկալացիայի գոտում իրադրությունը զգալիորեն կայունացել է»,- հավելել է ՌԴ նախագահը:

Պուտինի կարծիքով՝ Ռուսաստանը, Իրանը եւ Թուրքիան շատ բանի են հասել Սիրիայում իրավիճակի կարգավորման գործում:

«Համաձայն եմ պարոն Ռոհանիի գնահատականին սիրիական ուղղությամբ համատեղ աշխատանքի արդյունավետության եւ պահաջարկվածության մասին: Մեզ իսկապես միասին շատ բան է հաջողվել անել»,- հայտարարել է ռուսաստանցի առաջնորդը:

Պուտինը գործընկերների հետ կապ է հաստատել Կրեմլի իրավիճակային կենտրոնից: Նա խոստովանել է, որ ուրախ է տեսնել գործընկերներին եւ «այսօրվա օրակարգի շատ ցավոտ հարցերից մեկի շուրջ խոսելու հնարավորություն ունենալու» համար: Պուտինը հիշեցրել է, որ Սիրիայում Աստանայի գործընթացի երաշխավոր երկրների նախագահները հավաքվել էին 2019 թվականի հոկտեմբերին Անկարայում:

«Նախատեսել էինք հանդիպել ընթացիկ տարվա մարտին Թեհրանում, բայց հասկանալի պատճառներով մեզ չհաջողվեց դա անել»,- արձանագրել է ՌԴ նախագահը: Նա շնորհակալություն է հայտնել իրանական կողմին «տեսակոնֆերանսի ձեւաչափով գագաթնաժողով կազմակերպելու նախաձեռնության համար»:

Սիրիայում իրավիճակի կարգավորման համար այն ամենի թվում, ինչ արդեն հաջողվել է անել, ՌԴ ղեկավարը նշել է բռնության մակարդակի նվազումը: