Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոստացել է խստացնել պետական վերահսկողությունը սոցիալական ցանցերի վրա՝ դստերը եւ փեսային ուղղված «վիրավորանքներից» հետո, երբ նրանք Twitter-ում հայտնել են իրենց չորրորդ երեխայի ծնվելու մասին, հայտնում է Reuters-ը:

Էրդողանը հայտարարել է, որ իր կառավարությունը մտադիր է ընդունել մի օրենք, որը սոցիալական ցանցերի ընկերություններին կստիպի ապահովել Թուրքիայում իրենց օրինական ներկայությունը: Այս պահանջը նշանակում է, որ նրանք կարող են ֆինանսական պատասխանատվության ենթարկվել եւ ստիպված լինել կատարել թուրքական դատարանի որոշումները:

«Հասկանո՞ւմ եք, թե ինչու ենք մենք դեմ սոցիալական ցանցերին, ինչպիսիք են YouTube-ը, Twitter-ը, Netflix-ը եւ այլն»,- հայտարարել է Էրդողանը՝ նկատի ունենալով իր ընտանիքի անդամների հանդեպ ենթադրյալ վիրավորանքները: «Շատ կարեւոր է, որ այդ ալիքները վերահսկվեն: Թուրքիան բանանային հանրապետություն չէ: Մենք պատասխանատվության կենթարկենք նրանց, ովքեր վիրավորում են այս երկրի գործադիր եւ դատական մարմիններին»,- ասել է նա:

Ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հայտարարել է, որ սոցիալական ցանցերի մի քանի օգտատերեր կալանավորվել են թվիթների համար, որոնք, իբր, վիրավորել են Էրդողանի դստերը, փեսային եւ զույգի նորածին որդուն: