Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, նախագահությամբ դատավոր Մեսրոպ Մակյանի, այսօր՝ հուլիսի 1-ին, «Սասնա ծռերի» գործով դատական նիստին հարցաքննվեց նաեւ ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալ Գագիկ Եղիազարյանը։

«Օսիպյանին բազմաթիվ անգամ ասել եմ՝ սա փաստ է, որ նրանք ձեզ չեն խնայի, նրանք ձեզ կսպանեն, կգնդակահարեն, որ դա էլ մեզ վրա գցեն։ Ասել եմ, որ մենք իրականում ձեր անվտանգությունն ենք պահում, ոչ թե պատանդ։ Նրանք կանգնած են եղել եւ նրանք ուղղությամբ բացվել է կրակ, որն էլ ապացույցներից մեկն էր»,- ասաց նա։

Հարցին, թե իր գնահատմամբ, ինչո՞ւ էր կրակ բացվել եւ ինչո՞ւ էին զրահատեխնիկան կենտրոնացրել, նա պատասխանեց. «Կարծում եմ, որ ստուգողական նպատակ ուներ դա։ Դրանով փորձում էին մեր պատրաստվածությունը տեսնել։ Ուզում էին հասկանալ՝ արդյոք մենք կնահանջե՞նք այդ զրահատեխնիկան տեսնելով։ Բոլորս եղել ենք այն դիրքորոշմանը, որ չի եղել որեւէ մեկը, որ ասի՝ թքած ունեմ այդ ոստիկանների վրա, բոլորս եղել ենք այն կարծիքին, որ գործում ենք այնպես, որ ոչ մեկին չվնասենք։ Մեր կռիվը ոստիկանի հետ չէ։ Մենք անգամ քննարկել ենք, որ ոստիկանները նույնպես միանան մեզ՝ ժողովրդին»։

Հիշեցնենք, որ 2016 թ. հուլիսի 17-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու նախապատրաստության, ծանրացուցիչ հանգամանքներում սպանությունների, շենքեր, շինություններ, տրանսպորտի միջոցներ զավթելու, պատանդ վերցնելու եւ պահելու, ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու, զենք, ռազմամթերք հափշտակելու, ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու եւ դիտավորությամբ ոչնչացնելու փաստի կապակցությամբ հարուցված քրեական գործերը քննվում են դատարաններում։

Զինված հարձակման հետեւանքով զոհվել են գնդապետ Արթուր Վանոյանը, լեյտենանտ Յուրի Տեփանոսյանն ու ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանը։

ՊՊԾ գունդը զավթելու եւ նշված այլ արարաքները կատարելու մեջ մեղադրվում է 32 անձ: