Գերմանական Volkswagen ավտոարտադրողը հրաժարվել է Թուրքիայում գործարան կառուցելու ծրագրից՝ կորոնավիրուսի համավարակի տնտեսական հետեւանքների պատճառով:

Աշխարհում ավտոմեքենաների պահանջարկի անկումը նշանակում է, որ ավելի մեծ հզորության ավելացում «անհրաժեշտ չէ այսօրվա տեսանկյունից»,- ասվում է Volkswagen-ի հայտարարության մեջ:

Volkswagen-ը դադարեցրել է Թուրքիայի արեւմուտքում Մանիսա արդյունաբերական շրջանում գործարան կառուցելու իր ծրագիրը՝ Սիրիայի հյուսիս թուրքական զորքերի ներխուժումից հետո:

Գերմանական ընկերությունը Թուրքիայի կառավարության հետ 1,1 միլիարդ դոլար արժողությամբ օբյեկտի կառուցման վերաբերյալ բանակցությունների ավարտական փուլում էր։ Դա ավելի քան երկու տասնամյակի ընթացքում երկրի ավտոմոբիլային արդյունաբերության մեջ ամենամեծ ներդրումը կլիներ: Գործարանը պետք է ծառայեր որպես Մերձավոր Արեւելքում եւ մերձակա այլ շուկաներում Volkswagen-ի արտադրական կենտրոն:

Այսօր Volkswagen-ը հայտարարել է, որ այժմ նոր մեքենաները կարտադրի գոյություն ունեցող օբյեկտներում:

Անցած տասը տարիների ընթացքում Թուրքիայում օտարերկրյա ուղղակի ներդրումները կտրուկ անկում են ապրել, մասամբ մարդու իրավունքների իրավիճակի վատթարացման, 2016-ի ձախողված ռազմական հեղաշրջման եւ օրենքի գերակայության ու ֆինանսական կայունության հետ կապված մտահոգությունների պատճառով: