«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը վարակվել է կորոնավիրուսով: Նա մի քանի օր ինքնամեկուսացել էր տանը, քանի որ կասկածներ է ունեցել, որ վարակված անձանց հետ է շփվել: Շաբաթ-կիրակի նաեւ թեթեւ ջերմել է: Hraparak.am-ին Վանեցյանը փոխանցել է, որ թեստ է հանձնել, որի պատասխանը դրական է եղել

NEWS.am-ի տեղեկություններով՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը կորոնավիրուսից բուժումը ստանում է Էրեբունի բուժկենտրոնում։ Հիշեցնենք, որ կորոնավիրուսով են վարակվել նաեւ նրա որդին՝ Նվեր Ծառուկյանը եւ նրա 3 կուսակից պատգամավորներ: ԲՀԿ առաջնորդի փաստաբանի խոսքով՝ Ծառուկյանը ջերմություն ունի եւ պահպանողական բուժում է ստանում։

Հայաստանում կորոնավիրուսի տեմպերը ոչ մի կերպ չեն նվազում: Անցած մեկ օրում գրանցվել է վարակվելու 523 նոր դեպք: Վարակվածների ընդհանուր թիվն անցել է  26 հազարից: Մահացածների թիվն ավելացել է 10-ով եւ հասել 453-ի: Նախորդ օրը COVID-19 ունեցող 2 մարդ մահացել է այլ հիվանդությունից: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 149 է, այսինքն ընդհանուր մահերի թիվն անցել է 600-ից:

Կորոնավիրուս ունեցող 10 900 քաղաքացիներից 2106-ը գտնվում են հիվանդամոցային պայմաններում,  պարետատան նիստին հաջորդող  ճեպազրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա տվյալով՝ 536-ի վիճակը ծանր է, 117-ինը՝ ծայրահեղ ծանր, 1730 մարդ ունի թոքաբորբ։ Փաշինյանը նաեւ դժգոհել է, որ հասարակական տրանսպորտում հակահամաճարակային կանոնների պահպանման մակարդակը կտրուկ անկում է ապրել։  

Համացանցում այսօր տարածվել է տեսանյութ, որտեղ ոստիկանները վիճում են քաղաքացու հետ դիմակի պատճառով, ապա նրա նկատմամբ ուժ գործադրելով, բավական կոպիտ կերպով բերման ենթարկում։ Ի դեպ, ագրեսիվ էր հատկապես կին–ոստիկանը։

Կորել է գյումրեցի Մարիամ Մալխասյանի տատիկի դին. պարետ Ավինյան ու առողջապահության նախարար, կասե՞ք կորոնավիրուսից մահացած տատիկի դին որտեղ գնանք փնտրենք։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։ Նրա խոսքով՝ դեպքի մասին իրեն պատմել է մահացածի թոռնիկը, ասել է, որ հունիսի 29-ի առավոտյան «Գրիգոր Լուսավորիչ» կլինիկայում կորոնավիրուսից մահացել է իր տատիկը, բայց տատիկի դին մինչ այս պահը իրենք չեն կարողանում գտնել: Նախ հարազատներին տեղեկացնում են, որ տատիկի դին կարող են ստանալ Աբովյան քաղաքի անատոմիկից: Երկու օր է՝ հարազատներն անատոմիկում փորձում են գտնել տատիկի դին, բայց դին պարզապես չկա: Պարետատնից նրանց ուղղորդել են առողջապահության նախարարություն,այնտեղից էլ՝ պարետատուն: Հարազատներին հաջողվել է այլ աղբյուրերից պարզել, որ դին անատոմիկ տեղափոխած սանիտարը տատիկի անուն-ազգանունը լավ չի կարդացել եւ, ըստ ամենայնի, տատիկի դին ստացել եւ, կրկին ըստ ամենայնի, արդեն հուղարկավորել են բոլորովին այլ մարդիկ:

Նաիրա Զոհրաբյանի ահազանգին արձագանքել է ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանը։ «Մինչեւ իր հայտարարությունը` առողջապահության նախարարությունն արդեն իսկ տեղյակ է եղել դեպքից: Հանգամանքները ճշտելու համար տեղեկացված է նաեւ ոստիկանությունը: Մանրամասներն այս պահին ենթակա չեն հանրայնացման: Այնուամենայնիվ, անհրաժեշտության դեպքում կկատարվի դիակի ԴՆԹ հետազոտություն»,– գրել է նա։

Այսօր ժամը 14։30-ից  Երեւանի «Երեւան մոլ» առեւտրի եւ զվարճանքի համալիրում իրարանցում էր. Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Ֆուդկորտում ռումբ է տեղադրված։ 1,5 ժամ անց պարզվել է, որ ահազանգը կեղծ է: ԱԻՆ-ի աշխատակիցը լրագրողներին ասել է, որ փրկարարներն իրենց գործն ավարտել են, հերթն իրավապահներինն է

Ամուլսարի պոստերի մոտ այսօր լարվածություն է առաջացել քաղաքացիական ակտիվիստների ու ջերմուկցիների եւ մյուս կողմից ոստիկանների միջեւ. Նույնիսկ հրմշտոց է սկսվել: Երեկ կողմերը պայմանավորվել էին, որ Ամուլսարի նոր պահնորդական կազմակերպությունն իր ողջ կազմով դուրս է գալիս տարածքից, մնում են միայն հերթափոխ իրականացնողները, սակայն մինչեւ այսօր երեկո դեռ դուրս չէին եկել: Պահնորդների ղեկավարն ասել է, որ դուրս կգան, բայց ժամանակ է պետք քաղաքում վարձով տուն գտնելու համար:

Քաղաքական գործիչ Ռուբեն Հակոբյանը Անվտանգության ծառայության շենքի մոտ լրագրողներին  պատմել է, որ համաձայնել էր ներկայանալ ԱԱԾ, բայց  որոշ փաստերի ի հայտ գալուց հետո իր թիմի հետ որոշել է չներկայանալ: Հակոբյանն ԱԱԾ է հրավիրվել Սահմանադրական կարգը տապալելու, մասնավորապես ռադիոտունը, հեռուստատեսությունը եւ պետական պահպանության այլ շենքերը գրավելու կոչերի առիթով, որոնք նա արել էր ՍԴ դատարանի մոտ: Նրա համոզմամբ՝ ԱԱԾ-ն զբաղված է քաղաքական հետապնդումներով: Ըստ Հակոբյանի՝ Միքայել Մինասյանին Փաշինյանի առաջարկած գործարքը բացահայտ հանցագործություն  է. «Պետության առաջին դեմքը շանտաժի է ենթարկում քաղաքացուն, ասում է՝ գնա թալանածդ վայելիր Հայաստանից հեռու, թույլ տուր ես էլ վայելեմ այն, ինչ ունեմ:  Իսկ դատարանների շրջափակումը ազգային անվտանգության խնդիր չի՞: ԱԱԾ-ն հենց այդ հարցերով պետք է զբաղվի, ոչ թե Ռուբեն Հակոբյանին կամ մյուսներին հրավիրի եւ ծիծաղելի  բացատրություններ պահանջի»,-ասել է նա:

Գլխավոր դատախազությունը վճռաբեկ բողոք է ներկայացրել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ Վերաքննիչ քրեական դատարանի՝ խափանման միջոց կալանքը փոխելու որոշման դեմ։ Բողքն արդեն մուտքագրվել է վճռաբեկ դատարան։ Հիշեցնենք, որ նախկին նախագահը ազատության մեջ է հունիսի 18-ից՝ 2 միլիարդ դրամ գրավի դիմաց։

Ռոբերտ Քոչարյանը, որն այսօր աշխատանքի էր գնացել իր գրասենյակ, այնտեղից դուրս գալիս պատասխանել է NEWS.am-ի մի քանի հարցերի։ Երկրորդ նախագահը նշել է, որ իրեն լավ է զգում, հետևում է երկրի ներքին և արտաքին քաղաքական զարգացումներին, սակայն չի ցանկացել, իր ձեւակերպմամբ՝  «ոտքի վրա» խոսել լուրջ հարցերի շուրջ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր իր հետևորդներին հիշեցրել է, որ 2009 թվականի հուլիսի 1-ին է ընդհատակից դուրս եկել եւ ներկայացել Գլխավոր դատախազություն: Հրապարակված տեսանյութում նրան ուղեկցում է փաստաբան Տիգրան Աթանեսյանը:

Դատարանը վարույթ է ընդունել նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի եւ նախկին այլ բարձրաստիճան ոստիկանների վերաբերյալ քրեական գործը։ Ըստ մեղադրական եզրակացության՝ Գասպարյանը 1997-ից մինչեւ 2018 թվականը վատնման եղանակով պետական միջոցներից հափշտակվել է խոշոր չափի գումար, պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերի հակառակ, կատարել իրեն վստահված ուրիշի  խոշոր չափերով գույքի վատնում:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակցել է համառուսաստանյան քվեարկությանը սահմանադրական փոփոխությունների հարցով։ Նախօրեին Պուտինը դիմել էր հայրենակիցներին, ընդգծելով, որ առաջարկվող փոփոխություններն ամրագրելու են ռուս ժողովրդի գլխավոր արժեքները հիմնական օրենքում:

Հուլիսի 1–ին տարեդարձը նշող պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի տիկինը՝ Ռուզաննա Խաչատրյանը, որոշակի ընդմիջումից հետո ընտանեկան հերթական ֆոտոշարքն է հրապարակել «Ֆեյսբուքում» և գրել. «Թող լույսը բացվի հաճելի անակնկալնելով, սիրով և Աստծո օրհնությամբ»։

Եվ վերջին նորությունները հայ հայտնի մարզիկների մասին: Իտալական «Ռոման» երկարաձգել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վարձակալության պայմանագիրը մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։  Կողմերը նաեւ նախնական համաձայնություն ունեն այդ  պայմանագիրը երկարաձգել մեկ տարով, հաղորդում է հռոմեական ակումբի մամուլի ծառայությունը։

Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանն էլ ֆեյսբուքյան գրառումով ազդարարել է կյանք վերադառնալու մասին ու լուսանկարներ հրապարակել։ «Վաղուց չէինք հանդիպել, բայց հիմա արդեն վերադարձել եմ աշխատանքին եւ կյանք։ ժամանակն անցկացնում եմ Երեւանում, երբեմն ընկերներիս հետ գնում ենք քաղաքից դուրս։ Առայժմ թեթեւ քաշեր եւ հիմնական վարժություններ եմ անում տանը՝ Պոնչիկի հետ»,- գրել է Արոնյանը։ Հիշեցնենք, որ նրա կինը՝ Արիանա Կաոիլին ավտովթարից մահացել էր այս տարվա մարտի վերջին:

ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ աճել է 0.16 դամով ու հասել 482.52 դրամի:  Եվրոյի փոխարժեքն աճել է 0.32 դրամով ու կազմել  540.76 դրամ, բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 6.37 դրամով ու հասել  598.08 դրամի, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.02 դրամով ու կազմել  6.79 դրամ։

Հուլիսի 2-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Մինչեւ շաբաթվա վերջ օդի ջերմաստիճանը 5-6 աստիճանով կբարձրանա: Երեւանում եւս տեղումներ չեն դիտվի: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում սպասվում է +18+20, վաղը ցերեկը՝ +30+32։