Ռուսաստանում Սահմանադրության փոփոխությունների քվեարկությունն ավարտվել է, վերջին ընտրատեղամասերը երկրում փակվել են ամենաարեւմտյան տարածաշրջանում` Կալինինգրադի մարզում, տեղական ժամանակով 20.00-ին (Մոսկվայի ժամանակով՝ 21.00), հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ռուսաստանի Դաշնության Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու վերաբերյալ համառուսաստանյան քվեարկությունը նշանակված էր ապրիլի 22-ին, սակայն այնուհետեւ հետաձգվեց երկրում ստեղծված համաճարակաբանական ծանր իրավիճակի պատճառով: Ավելի ուշ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ քվեարկությունը կկայանա հուլիսի 1-ին: Հաշվի առնելով համաճարակաբանական իրավիճակը եւ բնակչության անվտանգությունը`որոշվեց, որ ռուսաստանցիները կկարողանան քվեարկել հունիսի 25-ից հուլիսի 1-ը:

Հունիսի 25-ին ընտրատեղամասերում գործի անցավ մոնիթորինգային խումբը` շուրջ 2,5 հազար մարդ՝ մարզային հանրային պալատից, որը վերահսկում էր ընտրատեղամասերում տիրող իրավիճակը, գործընթացի կազմակերպումը, օրենսդրության եւ սանիտարական նորմերի պահպանումը:

Փոփոխությունների թվում է Վլադիմիր Պուտինի նախագահական ժամկետի «զրոյացումը»: Փոփոխությունները փաթեթով են քվեարկության դրվել: Որպեսզի փոփոխությունները համարվեն անցած, քվեարկողների ավելի քան 50%-ը պետք է աջակցի դրանց, նշում է «Մեդուզա»-ն:

Սահմանադրության փոփոխություններին կողմ է քվեարկել ռուսաստանցիների 73,24 տոկոսը, դեմ՝ 25,8 տոկոսը, արձանագրությունների 25 տոկոսը մշակելուց հետո հայտնել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

Վերջին տվյալների համաձայն, համառուսաստանյան մասնակցությունը կազմել է ավելի քան 64 տոկոս: