Եթե վաղը Ամուլսարում հերթապահող պահնորդական ընկերությունը չկատարի այսօրվա ձեռք բերված պայմանավորվածությունը, մենք նորից այնտեղ կլինենք: Այս մասին NEWS.am-ին ասաց բնապահպան, ակտիվիստ, Ջերմուկի բնակիչ Շիրակ Բունիաթյանը` անդրադառնալով Ամուլսարի մոտ վերջին օրերին տեղի ունեցող իրադարձություններին:

«Առաջ «Պանտերա»-ն էր, հիմա այլ պահնորդականն ընկերություն է իրականացնում, եւ խնդիրը կայանում է նրանում, որ բնակիչները չեն ցանկանում այդքան մեծ թվով աշխատակիցներ հսկողություն իրականացնեին: Բայց օրվա վերջում հասկացան, որ այլ տարբերակ չկա, եւ օրվա վերջում խելոք դուրս բերեցին ռեզերվային մասը»,- ասաց նա:

Նա հավելեց, որ իրենք պայմանվորվածություն են ձեռք բերել այսօր պահնորդական ընկերության հետ, որ պետք է քիչ ուժեր կենտրոնացնեն, սակայն եթե խախտվեն պայմանավորվածությունները, իրենք վաղն առավոտյան էլի Ամուլսարի մոտ կլինեն:

Լիդիանի նոր պահնորդական կազմակերպությունը լարվածություն էր ստեղծել Ամուլսարում։

Նշենք, որ այսօր Ամուլսարի պոստերի մոտ քաղաքացիական ակտիվիստների, ջերմուկցիների եւ մյուս կողմից ոստիկանների միջեւ հրմշտոց սկսվեց: Այնուհետեւ վիճակը կագավորվեց: Նախորդ օրն էլ պահնորդական ծառայության աշխատակիցները ներխուժել էին պահպանության կետ, ճզմել, սպանել Ամուլսարի պահապանների խնամած շների ձագերին, զենքով հրապարակային հոխորտացել։