Այլևս չի լինելու անբավարար գնահատականային շեմ, և յուրաքանչյուր գնահատական՝ 1-10 միավորանոց սանդղակում ցույց է տալու սովորողի՝ այդ տարի գրանցած առաջընթացը: Սա նշանակում է, որ դուրս է գալու այն խնդիրը, որ սովորողը պետք է մնա նույն դասարանում և կրկնի դասընթացը։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանի՝ օրերս արած այս հայտարարությունը սոցցանցերում ակտիվ քննարկումների առիթ դարձավ։ Ոմանք՝ դրական, ոմանք էլ բացասական են գնահատում նախարարության շրջանառության մեջ դրած ՀՀ կառավարության 2010 թվականի ապրիլի 8-ի N 439-ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։

Նախագծում տեղ գտած այս և այլ փոփոխությունների վերաբերյալ NEWS.am-ը զրուցել է կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի հետ։ Առաջարկվում է 1-4 դասարաններում և 5-րդ դասարանի առաջին կիսամյակում միավորային գնահատում չիրականացրել և ընթացիկ գնահատումը կատարել բնութագրման միջոցով։ Սերոբ Խաչատրյանը այս որոշումը հումանիստական է համարում, բայց նկատում է՝ երբ թվանշանը հանում են, ի՞նչ են տեղը դնում և ինչպե՞ս են ապահովում, որ նոր գաղափարն աշխատի։

«Հարցն այն է, թե որքանով նախարարությունը կկարողանա համակարգը այնպես փոխել, որ թվանշան հանելը բերի զարգացման։ Այդպիսի շանս կա․ շանսը հետևյալն է, որ երկրում պետք է կրթության հանդեպ վերաբերմունքը փոխվի, կրթությունը պետք է դիտարկվի որպես կարևոր և լուրջ մի բան, պետք է ուսուցչի աշխատանքի նկատմամբ վերաբերմունքը փոխվի, ուսուցչի նկատմամբ հարգանք պիտի լինի, պետք է իրականցվեն լրջագույն վերապատրաստման և զարգացման ծրագրեր, որովհետև առանց թվանշանի աշխատող ուսուցիչը պետք է ավելի ուժեղ լինի։ Եթե առաջ երեխան ասում էր՝ ուսուցիչը լավը չէ, բայց արի գոնե թվանշանի համար սովորեմ, հիմա, եթե թվանշան չկա, և ուսուցիչն էլ բարձր որակի և հետաքրքիր չլինի, արդեն երեխան կարող է հետ կանգնել սովորելուց։ Ռիսկը դա է։ Այո, այս համակարգում մենք ունենք ռիսկ՝ «կորցնելու» այն երեխաներին, որոնք այսօր սովորում էին թվանշանի համար։ Իհարկե, լավ բան չէ թվանշաnի համար սովորելը, բայց էլի ինչ-որ քայլ է»,- ընդգծում է փորձագետը։

Թեև առաջարկությունը Սերոբ Խաչատրյանը վատը չի որակում, այնուամենայնիվ կարծում է, որ կտրուկ որոշում էր։ Կարծում է, որ աստիճանաբար կարելի էր ներդնել այդ ծրագիրը, օրինակ՝ սկզբում մինչև երրորդ դասարանը, և հիշեցնում, որ գործող կարգավորումներով էլ առաջին դասարանում գնահատականներ չեն դրվում։

«Հիմա ուսուցիչների համար խնդիր է առաջանում, որ այդ չորսուկես տարում առանց թվանշանի իրենք կարողանան երեխաներին դարձնել սովորելը սիրող մարդիկ։ Հավակնոտ բան է, բայց ինձ առավել շատ հետաքրքում է իրականացումը»,- ասում է Սերոբ Խաչատրյանը։

Նախագիծը սահմանում է նաև, որ քանակական գնահատման 10 միավորային սանդղակում որևէ թիվ չի հանդիսանալու անբավարար գնահատական և յուրաքանչյուր նիշ նկարագրում է աշակերտի հաջողության որևէ մակարդակ: Այլ կերպ ասած՝ աշակերտներն այլևս նույն դասարանում չեն մնա։ Սերոբ Խաչատրյանի դիտարկմամբ՝ նույն դասարանում մնալը աշակերտին ոչնչով չի օգնում, այլ հակառակը՝ ծուլացնում է, հազվադեպ է լինում, երբ աշակերտը կարող է ոգևորվել և ինչ-որ արդյունքի հասնել, սակայն այստեղ էլ մտահոգություն ունի։

«Բայց այստեղ մենք մի բան էլ պետք է հաշվի առնենք՝ նույն դասարանում մնալու վախը, «դամոկլյան սուրը» նախատեսված չէ այն երեխաների համար, որոնք մնում են նույն դասարանում, այլ այն երեխաների համար է, որոնք չեն մնում նույն դասարանում, այսինքն՝ նույն դասարանում չմնալու համար սովորում են, խոսքը, իհարկե, չի վերաբերում լավ սովորողներին, խոսքն այդ սահմանի վրա գտնվող աշակերտների մասին է։ Տեսեք, եթե ես այսօր չորս էի ստանում և տեղափոխվում հաջորդ դասարան, հիմա, երբ որ տեսնում եմ, որ կարևոր չէ՝ չորս, երեք կամ էլ մեկ կստանամ, կարող եմ ասել՝ դե հիմա թող չորս չլինի, երկուս լինի, ինչի՞ եմ գլուխ ցավեցնում»,- ասում է նա։

Սերոբ Խաչատրյանը դրականը ևս նկատում է։ Ըստ նրա, օրինակ, ուսուցիչը պարտավորված չի լինի մեկի սովորող աշակերտին կեղծ չորս նշանակել, որ վերջինս չման նույն դասարանում։

«Այսօր շատ ուսուցիչներ, դասախոսներ մի կերպ նշանակում են այդ գնահատականը, որ նույն դասարանում չմնան, կամ դուրս չմնան համալսարաններից, հիմա այս համակարգի պարագայում ուսուցիչն այդ կաշկանդվածությունը չունի։ Եթե իքս աշակերտը արժանի է մեկի, ապա կարող է հանգիստ գնահատել այդ թվանշանը, այն հետևանք չի ունենա։ Սա դրական կարող է լինել. ուսուցիչներին ազատում ենք կեղծ թվանշաններ նշանակելու պատրանքից»,- ընդգծում է կրթության փորձագետը՝ ապա հավելում, բայց նոր խնդիր են դնում ուսուցիչների առաջ։

«Հիմա իրենք պետք է ավելի լարված աշխատեն, որովհետև մեծանում է այն աշակերտների թիվը, որոնք կարող են ասել՝ ինչի՞ս է պետք սովորելը։ Մեկ է՝ փոխադրվում եմ հաջորդ դասարան, հիմա թող չորս չլինի, երեք լինի։ Մինչդեռ առաջ նա ասում էր՝ գնամ մի քանի բան սովորեմ, որ վերաքննության չգնամ»,- նկատում է նա։

Ամփոփելով զրույցը, կրթության փորձագետն արձանագրում է, որ նախարարությունը փորձում է պրոգրեսիվ ճանապարհով գնալ, բայց պետք է արդյունքը տեսանելի լինի։

«Հիմա մենք էլ պետք է ասենք՝ շատ լավ, մենք նախորդ տարիներին էլ ենք տեսել այդպիսի պրոգրեսիվ բարեփոխումներ, բայց չենք տեսել դրանց արդյունքը, այն պարզ պատճառով, որ կրթական բարեփոխում նշանակում է կոլեկտիվ մտածողություն և կոլեկտիվ գործողություն։ Եթե դու նստում ես կաբինետում հիանալի գաղափարներ ես մտածում, բայց դրան չի հաջորդում կոլեկտիվ մտածողությունը և գործողությունը․․․․

այսինքն՝ ամենակարևոր կետերից մեկը հետևյալն է՝ նախարարության այս որոշումը քանի՞ մարդու կբերի մտածելակերպի և գործելակերպի փոփոխության։ Ուսուցիչների, ծնողների, հասարակության գործողություններում բան կփոխվի՞, թե՞ ոչ։ Եթե չփոխվեց, ապա նախարարությունը միայնակ չի կարող կրթական ռեֆորմ անել։ Կրթության քաղաքականության մեջ հայտնի բան կա՝ լավագույն մտքերը, գաղափարները, եթե լավ չիրականացվեցին, իրենք նույնքան վտանգավոր են, որքան սխալ գաղափարները»,-եզրափակում է նա։

Հավելենք նաև, որ նախագծով սահմանավում են, թե հանրակրթական տարրական, հանրակրթական հիմնական և հանրակրթական միջնակարգ ծրագրերի շրջանավարտները ի՞նչ գիտելիքների պիտի տիրապետեն։ Նախագծին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝