Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ուղիղ եթերում ներկայացրեց հունիսի 29-ին հրապարկված Արցախի նախագահի 2020-2025 թթ ծրագրի դրույթները:

«Մենք ամեն օր պետք է բարձրացնենք մեր մարտունակության աստիճանը եւ 1-2 տարի հետո մենք լուրջ առաջընթաց ենք արձանագրելու այդ ուղղությամբ: Այն, ինչ վերջին 2-3 տարիների ընթացքում տեսել ենք բանակի մարտունակության, սոցիալ-կենցաղային պայմանների փոփոխության առումով, դա շարունակվելու է:

Ամեն ինչ պայմանավորված է տնտեսական աճով ու ցուցանիշներով: Ժամանակին կարծեմ 2011-2012 թվականներին ես հայտարարել եմ, որ տընտեսական աճի նվազագույն ցուցանիշը պետք է լինի 8 տոկոսը: Այդպես էլ նախատեսել ենք առաջիկա 5 տարիների համար: Ուզում եմ վստահեցնել, որ դա գերակատարվելու է: Արդեն 2021 թվականին կարող ենք ունենալ երկնիշ տնտեսական աճ: Ծրագրում նշել եմ տարեկան 5 հազար աշխատատեղ, բայց շատ ավելին է լինելու: Մենք լուրջ աշխատուժի կարիք ենք ունենալու շինարարության, գյուղատնտեսության, վերամշակման ոլորտներում»,-ասաց Արցախի նախագահը:

Նա հավաստիացրեց, որ շարունակական աճելու են աշխատավարձներն ու թոշակները, դա լինելու է ամեն տարի:

«Նախատեսել ենք 40 հազար ոռոգովի տարածքներ ունենալ, այդ ծրագիրն արդեն սկսված է: Դա հնարավորություն կտա լուրջ դերակկատարություն ունենալ Հայաստանի պարենային անվտանգության պահովման գործում: Արցախի դեպքում այդ խնդիրը չունենք, վաղուց լուծել ենք պարենային անվտանգության խնդիրը: Ունենալու ենք առնվազն 10 հազար պտղատու այգի:

Շուտով ներկրելու ենք ոչխարների գլխաքանակ: Առաջին ներմուծումը կլինի սեպտեմբեր-հոկտեմբերին: Ամեն տարի կփորձենք մինչեւ 50 հազար գլուխ ներկրել: Բացի այդ, մեր գլխավոր խնդիրներից է լինելու մշակել անմշակ բոլոր հողերը: Բոլոր այս ծրագրերի իրականացումը թույլ կտա, որ գյուղատնտեսությունը զարգանա շատ մեծ տեմպերով, որի ականատեսը կլինեն բոլորը: Գյուղոլորտում ներդրվելու է նաեւ ապահովագրական պիլոտային համակարգ»,-ասաց Արայիկ Հարությունյանը:

Նրա խոսքով, իրենց կարեւոր ծրագրերից է լինելու բնակարանաշինությունը. «Հայտարարել ենք տարեկան 1000 բնակարան, բայց ուզում եմ վստահ հայտարարել, որ շատ ավելին է լինելու: Արդեն կան ներդրողներ, մշակում են ծրագրեր ոչ միայն Ստեփանակերտում, այլեւ շրջկենտրոններում: Դա զուգորդվելու է սոցիալական ծրագրերով:

Հայտարարվել է նաեւ նվազագույնը 80 կմ ճանապարհի կառուցում առաջիկա 5 տարիներին: Գյուղական բնակավայրերում մեր խնդիրն է լինելու սալապատման աշխատանքները: Տարեկան 300 հազար քմ սալապատում է լինելու, 5 տարում՝ 500 հազար: Որ գյուղերում գազ չկա, հոսանքի գինը սեպտեմբերից իջնելու է 14 դրամ»:

Արցախի նախահագը խոսեց նաեւ անվճար բարձրագույն կրթության ապահովման մասին. «Նաեւ ունենալու ենք ավելի որակյալ կրթություն: Նաեւ կտեսնեք, թե ինչպիսի բարեփոխումներ ենք կատարելու առողջապահության ոլորտում: Հունվարի 1-ից գործելու է պետպատվերի ծրագիրը, այսինքն բարձրագույն կրթության համար վճարելու է պետությունը: Բարձրացվելու են առողջապահական ոլորտի աշխատակիցների աշխատավարձը Չի բացառվում, որ դա արվի սեպտեմբերից: Հավատացեք, որ լավ է լինելու»,-ընդգծեց Արայիկ Հարությունյանը: