Համառուսաստանյան քվեարկությանը Ռուսաստանի Դաշնության Սահմանադրության փոփոխություններին աջակցել է ընտրողների 77․92 տոկոսը, հետեւում է Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) տվյալներից, հայտնում է ՏԱՍՍ-ը:

ԿԸՀ տեղեկատվական կենտրոնում էկրանին հրապարակված տվյալների համաձայն՝ քվեարկածների 21.27 տոկոսը դեմ է հանդես եկել սահմանադրական փոփոխություններին: Ընդհանուր մասնակցությունը, ըստ վերջին տվյալների, 65 տոկոս է կազմել:

Ռուսաստանի Դաշնության Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու վերաբերյալ համառուսաստանյան քվեարկությունը Ռուսաստանի ամբողջ տարածքում ավարտվեց չորեքշաբթի օրը Մոսկվայի ժամանակով 21:00-ին: Քվեարկության հիմնական օրը հուլիսի 1-ն է, բայց ռուսաստանցիները կարող էին քվեարկել նաեւ հունիսի 25-ից 30-ը: Դա արվել էր կորոնավիրուսային վարակի տարածմանը հակազդելու համար: Ձայների հաշվարկն իրականացվում էր քվեարկության բոլոր յոթ օրերի ընթացքում:

Օրենքի համաձայն՝ որպեսզի փոփոխություններն ուժի մեջ մտնեն, դրանց պետք է կողմ լինի քվեարկությանը մասնակցածների կեսից ավելին, ընդ որում, մասնակցության շեմ չի սահմանվել։