Թուրքիայի պետական խորհուրդը 17 րոպե քննարկել է Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու հարցը, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով CNN Turk-ին:

Նիստի արդյունքներով հաղորդվում է, որ քաղաքային խորհուրդը որոշումը կտարածի առաջիկա 15 օրվա ընթացքում:

Ավելի վաղ Hurriyet թերթը գրել էր, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն իր օգնականներին հանձնարարել է քննարկել Սուրբ Սոֆիայի տաճարը թանգարանից մզկիթի վերածելու հարցը: Եկեղեցիների փոխհարաբերությունների եւ ավագ երեցների հանրության հարցերով Մոսկովյան հայրապետության Սինոդալյան մասնաճյուղի ղեկավար Վոլոկոլամսկի միտրոպոլիտ Իլարիոն Ալֆեեւը հայտարարել է, որ Թուրքիայի նախագահի հանձնարարականը Ռուս ուղղափառ եկեղեցու մոտ տագնապ է առաջացնում:

Սուրբ Սոֆիայի տաճարը կառուցվել է մ.թ 537 թվականին եւ հայտնի է հատկապես իր յուրօրինակ գմբեթով: Այս տաճարը աշխարհի ամենամեծ կառույցներից է եղել եւ համարվում է ճարտարապետության գլուխգործոց: Այն միեւնույն ժամանակ համարվում է բյուզանդական ճարտարապետության մարմնավորում:

Իր ստեղծման օրվանից՝ 537-ից մինչեւ 1453 թվականը այն եղել է Արեւելյան ուղղափառ տաճար եւ հանդիսացել է Կ.Պոլսի տիեզերական պատրիարքի նստավայրը: Միայն 1204-1261 թվականների ընթացքում տաճարը խաչակիրների կողմից վերածվել է կաթոլիկ տաճարի, որը գտնվում էր Լատինական կայսրության տիրապետության տակ: 1453 թվականի մայիսի 29-ին Սուրբ Սոֆիայի տաճարը վերածվել է օսմանյան մզկիթի. այս կարգավիճակում այն մնացել է մինչեւ 1931 թվականը: Այնուհետեւ այն աշխարհիկացվել է եւ 1935 թվականի փետրվարի 1-ին դարձել բաց թանգարան: Շուրջ հազար տարի Սուրբ Սոֆիայի տաճարը համարվել է աշխարհի ամենամեծ տաճարը մինչեւ 1520 թվականին կառուցվել է Սեւիլյայի տաճարը:

1985 թվականին տաճարը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության հուշարձանների ցանկում: