Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի եւ Նոր Նորք նստավայրում` դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ այսօր՝ հուլիս 2-ին, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եւ մյուսների գործով դատական նիստին դատավորը նշեց, որ իր համար անթույլատրելի է համավարակով պայմանավորված անընդհատ դատական նիստերը հետաձգելը։

Նշենք, որ Սերժ Սարգսյանի պաշտպանները համավարակով պայմանավորված դատարանին մի քանի անգամ միջնորդել են՝ հետաձգել դատական նիստերը։

«Ըստ էության, մի քանի դատական նիստեր չեն կայացել՝ հաշվի առնելով պաշտպանների դիմումը՝ համավարակով պայմանավորված դատական նիստերի հետաձգելու հետ կապված։

Սակայն մի հանգամանք պետք է փաստենք, որ թեեւ սկզբնական փուլում է եւ դատարանի համար ընդունելի էր, սակայն մյուս կողմից մենք ունենք նաեւ այլ իրավիճակ, օրենսդրության պահանջներ, գործի քննության ողջամտության պահանջը, դատարանի գործունեությունը արտակարգ ռեժիմի պայմաններում օրենսդրությամբ չի սահմանափակվում»,- ասաց դատավորը։

Նա իր անհամաձայնությունը հայտնեց Սերժ Սարգսյանի պաշտպան Ռուբեն Հակոբյանի դիմումի վերաբերյալ. «Նա մի հանգամանք է նշել՝ վարակակիրների քանակի ավելացման եւ դատական նիստերի դահլիճի փոքր լինելու հետ կապված։ Դատական նիստերի դահլիճը, համեմատ շատ դատական նիստերի դահլիճների, այդքան էլ փոքր չէ։ Իմ պատկերացմամբ՝ դատական նիստերի դահլիճը գործի քննության այս կազմով ու այս քանակով ի վիճակի է ապահովել անձանց սոցիալական հեռավորությունը։ Պետք է արձանագրեմ, որ թե ամբողջ դատարանը, թե այս դատական նիստերի դահլիճը ախտահանվում է պարբերաբար։ Ինձ համար անթույլատրելի է այս պատճառաբանությամբ անընդհատ դատական նիստերը հետաձգելը»։

Ըստ մեղադրական եզրակացության՝ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ եւ Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, Սամվել Գալստյանի ու Գեւորգ Հարությունյանի օժանդակությամբ, Սերգո Կարապետյանի կողմից 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15.391.765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489.160.310 ՀՀ դրամը:

Սերժ Սարգսյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Նրա պաշտպան Ամրամ Մակինյանը պնդում է, որ մեղադրանքը շինծու է։ Ըստ մամուլի տեղեկությունների, մեղադրանքի հիմքում Սերգո Կարապետյանի ցուցմունքն է։ Նա եւ Սերժ Սարգսյանն առերեսվել են։