Եթե Անգոլան եւ Նիգերիան չեն կարողանում հետեւել ՕՊԵԿ+-ի շրջանակում նավթի արդյունահանման կրճատման իրենց պարտավորությանը, ապա Սաուդյան Արաբիան նրանց դեմ գնային պատերազմ կծավալի: Աղբյուրները նման հնարավորության մասին հայտնել են Dow Jones գործակալությանը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նոր սպառնալիքը բարձրաձայնել է Սաուդյան Արաբիայի էներգետիկայի նախարար Աբդուլազիզ բեն Սալման ալ Սաուդը՝ դեռեւս հունիսի 18-ին տեղի ունեցած ՕՊԵԿ+ երկրների տեսակոնֆերանսի ժամանակ:

Նա նշել է, որ թագավորությունը կտրուկ կիջեցնի նավթի գները եւ կսասանի երկու խախտողների դիրքերը, եթե նրանք գնան գործարքին դեմ: «Մենք գիտենք, թե ովքեր են ձեր գնորդները»,- շեշտել է սաուդցի նախարարը՝ մեկնաբանելով Անգոլայի եւ Նիգերիայի ներկայացուցիչների դիրքորոշումը:

Հոդվածում նշվում է, որ կոշտ դիրքորոշումը սպառնում է ՕՊԵԿ-ի ներսում հակասությունների սրմանը: Սաուդյան Արաբիան, սակայն, արդեն հաստատել է, որ կարող է նավթի գները փլուզել հանուն իր նպատակներին հասնելու, երբ այդկերպ վարվեց մարտի սկզբին Ռուսաստանի հետ կոնֆլիկտում եւ Եվրոպա մատակարարումների համար առավելագույն զեղչեր սահմանեց:

Սաուդյան Արաբիան դեռեւս հունիսի սկզբին հայտարարել էր, որը մտադիր է պատժել այն երկրներին, որոնք չեն հետեւում ՕՊԵԿ+-ի գործարքի իր պայմանին: Այդ ժամանակ խոսքը Իրաքի, Նիգերիայի, Անգոլայի եւ Ղազախստանի մասին էր, որոնք մայիսին չէին կարողացել կատարել իրենց քվոտաները, բայց խոստացել էին հուլիսին ուղղվել: