Կորոնավիրուսի համավարակն իր հետ բազմաթիվ նորամուծություններ է բերել առօրյա կյանք: Որոշները՝ ձեռքերը լվանալը եւ առարկաների ախտահանումը, մեզ հետ կմնան հավերժ, մյուսները` օրինակ՝ դիմակները, հուսանք, ժամանակավոր երեւույթ է։ Կենցաղ են մտել նաեւ վիճելի նորմամուծություններ:

Դրանցից առավել ակնհայտներից մեկը, երբ, փորձագետների կարծիքով, ռիսկային խումբ մտնող ավագ սերնդի մասին  հոգատարության ալիքի վրա սկսել են սահմանափակել նրանց տեղաշարժը: Հայաստանում սահմանափակվեցին տարեցներին ուղղված՝ տնից դուրս չգալու կոչերով, իսկ որոշ երկրներում, օրինակ՝  Ադրբեջանում եւ Թուրքիայում, պարզապես արգելել են նրանց դուրս գալ տնից: Հոգատարության այսպիսի դրսեւորումն ինքնին միանշանակ չէ։ Նախ, փակելով տարեցներին տանը, խնդիրը չի լուծվում: Հիվանդության ասիմպտոմատիկ փոխադրողները կշարունակեն շփվել, վարակել եւ վարակվել: Երկրորդը՝ տարեցներին երիտասարդներից ոչ պակաս անհրաժեշտ է շարժվել, երկար ժամանակ փակ տարածքում մնալը տարեցների համար հղի է առնվազն առողջական խնդիրներով։

Հոգատարության մեկ այլ դրսեւորում դարձան, այսպես կոչված, «թոշակառուների ժամերը» խանութներում եւ սպասարկման ոլորտի օբյեկտներում։ Շատ խանութների մուտքի մոտ համապատասխան գրություններ են, որտեղ նշվում է, որ 10-ից 12-ը խանութը սպասարկում է բացառապես թոշակառուներին: Որոշ խանութներում սա զուտ ձեւականություն է, մյուսներում հետեւում են այս կանոնին, սպասարկման ոլորտի օբյեկտներում «կենսաթոշակառուների ժամը» սահուն անցնում է ճաշի ընդմիջման, ուստի ոչ կենսաթոշակային տարիքի այցելուներին խորհուրդ է տրվում գալ երեքից հետո, ինչը համապատասխանաբար մեծացնում է այցելուների հոսքը՝ բոլոր հետեւող հանգամանքներով: Հատկապես զվարճացրեց համապատասխան գրությունը բյութի ապրանքների խանութում․ միանգամից պատկերացնում ես տարեցներին, ովքեր առավոտ շուտ շտապում են մազերի հարդարիչ եւ այլ պարագաներ ձեռք բերել։

Բայց արդյո՞ք այս սահմանափակումներն իսկապես անհրաժեշտ են: Հարցուփորձերը եւ դիտարկումները ցույց են տալիս, որ ավագ սերնդի ոչ բոլոր մարդկանց է դա դուր գալիս: Տարիքի մասին գռեհիկ հիշեցումը, ակնարկներն առողջության վիճակին դժվար թե կարող են դուրեկան լինել, նույնիսկ՝ բարի նպատակներով: Թվում է, ավելի լավ է տարեցներին օրական երկու ժամ գնումների համար հատկացնելու փոխարեն բոլորի համար միշտ եւ ամենուր կանոն դարձնել առանց հերթի թողնելը եվ՝ ոչ միայն համավարակի ժամանակ: Ուղղակի կանոն դարձնել հարգել գործնականում, այլ՝ ոչ միայն խոսքով։