«Օրենքով գող» Թենգիզ Չարայային (քրեական շրջանակներում հայտնի որպես Թենգո Պիտերսկի կամ Թենգո Գալսկի) 23 տարով արտաքսել են Ուկրաինայից «հին ընկերներին այցելելու» համար, հաղորդում է Glavnoe.ua-ն: 

Պարբերականի տվյալներով՝ 2019-ի նոյեմբերին նա ձերբակալվել է Ռովենսկի շրջանից Կիեւ մեկնելու ճանապարհին: Նա պատմել է, որ ցանկանում էր «այցելել իր հին ընկերներին»: Սակայն ուժայինների տվյալներով՝ իրականում նա մտադիր էր հանդիպել քրեական հեղինակությունների հետ եւ լուծել հանցանքներից դրամական հոսքի վերաբաշխման հարցը:

Ավելի վաղ 4 անգամ նրան ձերբակալել են սահմանն ապօրինի հատելու համար եւ արտաքսել երկրից:

Թենգիզ Չարայան թագադրվել է 2014-ին  Սանկտ Պետերբուրգում հայտնի քրեական հեղինակություն Սաչինո Գեգեչկորիի կողմից, ով հետագայում դարձել է կորոնավիրուսից մահացած գողական տիտղոսի առաջին կրողը: