Գործով ամբաստանյալների եւ որոշ պաշտպանների չներկայանալը գնահատում եք հարգելի՞, թե՞ ոչ։ Այս մասին այսօր՝ հուլիսի 2-ին, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի եւ Նոր Նորք նստավայրում` դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի, նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանի, գյուղատնտեսության նախկին փոխնախարար Սամվել Գալստյանի եւ նույն նախարարության Բուսաբուծության վարչության պետ Գեւորգ Հարությունյանի գործով դատական նիստին դատարանին հարցրեց գործով մեղադրող դատախազ Արսեն Մարտիրոսյանը։

«Քրեական գործով ունենք 5 ամբաստանյալ, որոնցից ոչ ոք դատարան չի ներկայացել։ Սկզբնական նիստից հետո, 4-5 նիստեր չեն կայացել՝ պաշտպանների միջնորդությամբ։ Ամբաստանյալների եւ որոշ պաշտպանների չներկայանալը գնահատում է հարգելի՞, թե՞ ոչ»,- հարցրեց նա։

Դատարանը պատասխանեց, որ ընդունելի չի այդ վարքագիծը. «Բայց այնպես էլ չի, որ միանշանակ հարգելի է եղել ու հարգելի է լինելու այդ պատճառաբանությամբ։ Հենց այսօրվա նիստում այս քննարկման իմաստը կայանում է նրանում, որ դատարանը ողջամիտ է համարել նրանց տարիքային առանձնահատկությունով պայմանավորված՝ դատական նիստերի չկայանալը։ Անհարգելի չի համարում դատարանը»։

Գործով մեղադրող դատախազը հարցրեց, թե ինչո՞ւ դատարանի նախորդ նիստին չէր քննարկում նիստերը վերսկսելու հարցը. «Առաջին նիստը կայանալուց հետո եղել են բազմաթիվ դիմումներ՝ դատական նիստը հետաձգելու հետ կապված։ Դատարանը նիստ չի հրավիրել եւ այդ նիստերում չի քննարկել դատական նիստերին չներկայանալու եւ նիստերի հետաձգման հետ կապված հարցերը։ Ինչո՞վ է պայմանավորված, որ նախորդ նիստերը հետաձգվեցին, եթե կարելի էր այս քննարկումն ունենալ նախորդ նիստերում»։

Դատարանը նպատակահարմար չգտավ այդ հարցին անդրադառնալու։

Դատական նիստը հետաձգվեց եւ նշանակվեց օգոստոսի 6-ին, ժամը 14։00-ին։

Ըստ մեղադրական եզրակացության՝ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ եւ Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, Սամվել Գալստյանի ու Գեւորգ Հարությունյանի օժանդակությամբ, Սերգո Կարապետյանի կողմից 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15.391.765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489.160.310 ՀՀ դրամը:

Սերժ Սարգսյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Նրա պաշտպան Ամրամ Մակինյանը պնդում է, որ մեղադրանքը շինծու է։ Ըստ մամուլի տեղեկությունների, մեղադրանքի հիմքում Սերգո Կարապետյանի ցուցմունքն է։ Նա եւ Սերժ Սարգսյանն առերեսվել են։