Վայոց Ձորի Շատին համայնքում տեղի ունեցած միջադեպին մասնակցություն չի ունեցել մարզպետի խորհրդական Նարեկ Մարտիրոսյանը։ Այս մասին NEWS.am-ի հարցին ի պատասխան տեղեկացրին Վայոց Ձորի մարզպետարանից։

Նշենք, որ այսօր մամուլում լուրեր էր շրջանառվում, թե համայնքում հնչել են կրակոցներ, տեղի է ունեցել վիճաբանությունը, որի մասնակիցն է եղել նաեւ մարզպետի խորհրդականը։

«Այդ ինֆորմացիան իրականությանը չի համապատասխանում։ Նարեկ Մարտիրոսյանը զենք չունի։ Այդ միջադեպի մասին առաջին անգամ է լսում»,- ասացին մարզպետարանից։

NEWS.am-ը կապ հաստատեց նաեւ Եղեգիս խոշորացված համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանի հետ։

Նա պնդեց, որ կրակոցներ չեն հնչել, եղել է միայն վիճաբանություն համագյուղացիների միջեւ։

«Վարդան Սմբատյանն իր տան կողքը ավտոտեխսպասարկման կետ ունի։ Մեքենաների նորոգման համար 2 հոգի եկել են, սկսել են վիճաբանել, հնչել են հայհոյանքներ։ Քանի որ իր տունը հարակից է ավտոտեխսպասարկման կետին, այդ հայհոյանքները լսել են նաեւ Վարդանի ընտանիքի անդամները։ Վարդանն ինքնասիրությունից դրդված զանգել է իր ընկերներին եւ տեղի է ունեցել քաշքշուկ։ Այդ պահին էլ մեկը զանգել է Ոստիկանություն։ Այդքանով էլ ավարտվել է միջադեպը»,- պատմեց համայքնապետը։

Նշենք, որ միջադեպի առնչությամբ Ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվել, հանգամանքները պարզվում են: