Միացյալ Նահանգների արագ սննդի ցանցի խոշորագույն օպերատորներից մեկը՝ NPC International ընկերությունը, որը ղեկավարում է Pizza Hut-ի մոտ 1․2 հազար եւ Wendy's-ի  շուրջ 400 ռեստորան, սնանկության դիմում է ներկայացրել, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով CNN-ը։

Այս որոշման գլխավոր պատճառներից մեկն ավելի վաղ կուտակված մոտ 1 միլիարդ դոլար պարտքն է: Ընկերությունը չի կարողացել վճարել պարտքը կորոնավիրուսի համավարակի պատճառով, որը հանրային սննդի հաստատությունների փակման, ինչպես նաեւ մթերքների գների բարձրացման է հանգեցրել: 27 նահանգում NPC International-ի ռեստորաններում աշխատում է ավելի քան 40․000 մարդ:

Ինչպես նշել է NPC International-ի Pizza Hut ռեստորանների գործադիր տնօրեն Ջոն Վեբերը, սնանկացման ընթացակարգի ընթացքում ընկերությունն ակնկալում է օպտիմիզացնել իր ղեկավարության տակ գտնվող ռեստորանների շարքը՝ հաճախորդների պահանջներին ավելի ճշգրիտ համապատասխանելու համար։

NPC International-ը Pizza Hut եւ Wendy's ընկերությունների ֆրենչայզն է, այսինքն այն կարող է օգտագործել դրանց ապրանքանիշերն ու աշխատանքային մոդելը՝ սահմանված կանոններին հետեւելու եւ ֆրենչայզին ֆինանսական հատկացումների դեպքում։ Ընդհանուր առմամբ ԱՄՆ-ում կա Pizza Hut-ի շուրջ 7․1 հազար եւ Wendy's-ի մոտ 6․5 հազար ռեստորան։